Նախարարը դիմակի կրումը համարում է վարակի տարածումը կառավարելի պահելու գործիք
Առողջապահության նախարարությունն ուրախ կլինի, եթե կորոնավիրուսի դեմ պայքարում վերահսկողությունը լինի բավական խիստ ու դիմակ չկրող մարդիկ կրեն օրենքով նա[ատեսված պատասխանատվությունը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Երբ վերահսկողության հետ կապված օրինագիծն էր քննարկվում, շրջանառվում էր, որ մարդիկ ինքնակամորեն, ինքնագիտակցաբար պետք է դիմակներ կրեն՝ անկախ նրանից, կա վերահսկողություն, թե չկա: Հիմա շատ լավ առիթ է դա ապացուցելու քաղաքացիների կողմից: Չեն կիրառվում տուգանքներն այն խստությամբ, որը գուցե անհրաժեշտ է, բայց մարդիկ գիտակցելով, տեսնելով իրենց հարազատների վարակված լինելու փաստը, տեսնելով մահեր իրենց շրջապատում՝ պետք է զգոն լինեն: Մեր բոլորի ինքնագիտակցությունը պիտի այնպիսին լինի, որ ինքներս փորձենք պաշտպանել մեզ ու մեր հարազատներին», -ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այսօրվա դրությամբ կատարված թեստերի մեջ դրական պատասխանների թիվը բավական փոքր է:
«Վիրուսի վերարտադրողականության ցուցանիշը 0.55-ից դարձել է 0.98, որը ցույց է տվել աճը: Մենք ունենք վարակվածների թիվ, լավացածների թիվ, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Դիմակների կրումն այն կարևոր միջոցառումներից է, որն օգնում է վարակի տարածելիությունը պահել կառավարելի շրջանակներում»,- ասաց նախարարը:
Հայաստանում փետրվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք, առողջացել է 101 քաղաքացի, մահացել՝ 1-ը: Մեկ օրում կատարվել է 3211 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 694357-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169820 դեպք, որոնցից 161577-ն` առողջացած, 3156-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4293 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի թիվը 794 է:
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։
Կարծիքներ