Թուրքմենստանը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը ԵՄ-ի հետ
Թուրքմենստանը և Եվրամիությունն արդյունավետորեն համագործակցում են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում և այդ գործընկերությունը համակարգված կերպով պետք է ընդլայնվի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Թուրքմենստանի Հանրապետության նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը զեկուցել է Թուրքմենստանի և ԵՄ-ի միջև համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։
Նա հիշեցրել է, որ 2023 թվականին տեղի են ունեցել մի շարք խոշորամասշտաբ միջոցառումներ, այդ թվում՝ Բերդիմուհամեդովի հանդիպումը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ինչպես նաև միջխորհրդարանական երկխոսության շրջանակներում վեցերորդ հանդիպումը:
Մերեդովը նշել է, որ վերջին շրջանում զգալիորեն աճել է ԵՄ-ի հետաքրքրությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության նկատմամբ։ Արտգործնախարարը առաջարկներ է ներկայացրել նախագահին՝ ընդլայնելու համագործակցությունը որոշ առաջնահերթ ոլորտներում։
Դրանց թվում է թուրքմենական պատվիրակությունների այցը Բրյուսել՝ մասնակցելու մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսության հանդիպմանը և Թուրքմենստան-ԵՄ կոմիտեի նիստին։
Հոկտեմբերի 23-ին Լյուքսեմբուրգում կայացած՝ ԵՄ-Կենտրոնական Ասիա նախարարների հանդիպման արդյունքներով ընդունված կոմյունիկեի հիման վրա առաջարկվում է 2024 թվականի երկրորդ եռամսյակում կազմակերպել տրանսպորտի ոլորտի փորձագետների հանդիպում և խորհրդակցություններ ԵՄ համապատասխան կառույցների հետ՝ գործընկերության և փոխանակումների քննարկման նպատակով, իսկ առաջին եռամսյակում՝ փորձի փոխանակում էներգետիկայի ոլորտում։
Թուրքմենստանի առաջնորդը արտգործնախարարին հանձնարարել է շարունակել աշխատանքը Եվրամիության հետ համագործակցության զարգացման ուղղությամբ։
Կարծիքներ