Աշակերտները շարունակում են օգտվել «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրում» ծրագրից
ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել են 2023 թվականի «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագրի ընթացակարգը և ներգրավված թանգարանների ու թատրոնների ցանկը:
Ծրագրի շահառուներն են ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները:
Ծրագրի հիմքում կրթության և մշակույթի համադրումն է, որի նպատակն է՝ ապահովել դպրոցականների մշակութային հաղորդակցության առաջնային իրավունքը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ մշակույթի հասանելիության և մատչելիության համար: Ծրագիրը կնպաստի նաև հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը՝ ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական և ժամանակակից արվեստին հաղորդակցվելու միջոցով:
Ծրագրի յուրաքանչյուր շրջափուլի ժամկետ սահմանվում է 1 տարի: Յուրաքանչյուր շրջափուլի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեն այցելելու 2 կազմակերպություն՝ մեկ թանգարան և մեկ թատրոն:
Ծրագրի իրականացումն ապահովում են պետական և համայնքային ոչ առևտրային մշակութային կազմակերպությունները՝ թանգարաններն ու թատրոնները: Ծրագրին կարող են միանալ նաև ոչ պետական թատրոններն ու թանգարանները՝ նույն պայմաններով։ Ծրագրի այցելությունները կազմակերպություններ ամրագրվում և համաձայնեցվում են նախապես:
Այցելությունների կազմակերպումը թանգարան
թանգարանային այցի շրջանակում աշակերտները մասնակցում են թեմատիկ դասի, կրթական ծրագրի կամ ճանաչողական շրջայցի,
խումբը պետք է բաղկացած լինի առնվազն 10, իսկ առավելագույնը 15 աշակերտից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դասարանում աշակերտների թիվը մինչև 20 է,
յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է մեկ ուղեկցող ուսուցիչ:
Այցելությունների կազմակերպումը թատրոն
թատրոններ այցը կազմակերպվում է դպրոցական ուսումնական ծրագրին համապատասխան խաղացանկերի շրջանակում,
թատրոնները համապատասխան խաղացանկերը հրապարակում են 3 ամսվա կտրվածքով՝ ծրագրի՝ տվյալ տարվա շրջափուլի մեկնարկից մեկ ամիս առաջ,
յուրաքանչյուր ներկայացման համար թատրոններն առանձնացնում են համապատասխան քանակությամբ տեղեր՝ դահլիճի սահմանված տեղերի առնվազն 10 տոկոսի չափով:
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգն ապահովում է թանգարան և թատրոն մուտքի տոմսերի էլեկտրոնային ամրագրումը:
Աշակերտներին Երևանի և մարզային թանգարաններ ու թատրոններ այցի համար պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվում են տրանսպորտային միջոցներ՝ սահմանված կարգի համաձայն:
Այսպիսով՝ ծրագիրը հնարավորություն է տալիս ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին, անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցել իր համայնքի կամ ցանկացած այլ բնակավայրի մշակութային միջոցառմանը:
Կարծիքներ