Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան տարածքից նետված քարը վիրավորել է ցուցարար հայ աղջկան
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան տարածքից նետված քարը վիրավորել է հայ աղջկան, ով մասնակցում էր Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայ համայնքի ցույցին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նիդերլանդական օրագիր»-ից։
«Հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Տավուշ-Թովուզ հատվածում ներթափանցման փորձ կատարելով ու Խախտելով հայտարարված զինադադարը, ադրբեջանցիները բազմաթիվ կորուստներ տալով ետ շպրտվեցին: Ցավոք չհաջողվեց խուսափել զոհերից: Հենց այս ու Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի պատճառով է , որ բողոքի ձայնն են բարձրացրել բազմասփյուռ հայերը` այդ թվում Նիդերլանդներում: Նրանք նախատեսել են երկու բողոքի ակցիա: Դրանցից առաջինը տեղի ունեցավ երեկ` Դեն Հաագի Ադրբեջանի դեսպանության դիմաց: Երկրորդը տեղի է ունենում այսօր` մայրաքաղաք Ամստերդամի սրտում` Դամ հրապարակում և ավելի շատ ունի տեղի բնակչությանը իրազեկելու խնդիր, իրականության մասին: բաժանվելու են թերթիկներ: Այս միջոցառման մասին հետո: Հիմա անրադառնանք առաջին հանրահավաքին, որն հայտնի է փոքր միջադեպով:
Նախատեսվածից ավելի երիտասարդներ էին հավաքվել Ադրբեջանի դեսպանության դիմաց` իրենց բողոքը հայտնելու Ադրբեջանի սադրիչ գործողությունների դեմ: Հայկական կողմը հոլանդական ոստիկանությանը նախօրոք ծանուցել էր հանրահավաքի ծրագրին, տեղեկացրել տեղի ունեցող գործողությունների մասին ու իր ներկայացուցիչներից մեկին էլ` ծագող հարցերի կարգավորման համար ուղարկել նրանց մոտ:
Այս անգամ ևս ադրբեջանական կողմը դավադրություն էր կազմակերպել` փորձելով լարվածությունը տեղափոխել հայ-նիդերլանդական դաշտ և բախում հայերի ու ադրբեջանցիների միջև: Ամեն բան ծրագրված էր ի սկզբանե` վիժեցնելու հայերի բողոքի ձայնը: Դեսպանատան շենքը «պաշտպանող» ճաղավանդակների շուրջբոլորը փակցվել էին հայկական «ագրեսիան» դատապարտող, «Ղարաբաղը Ադրբեջանին է» և նմանաբովանդակ հրահրող պաստառներ, համարյա յուրաքանչյուրին բաժին հասած երկար ձողերով դրոշներ: Դավադրության մյուս բաղադրամասը` աջակցող ադրբեջանցիներին դեսպանության ճաղավանդակների ներսում` այլ խոսքով դեսպանության տարածքում պահելն էր, որի նպատակը հետո բացահայտվեց: Ինչու՞ էր անհրաժեշտ աջակից ազերիներին վանդակի մեջ պահել, երբ տեղի ոստիկանական ուժերը կարող էին կողմերի անվտանգության ապահովման համար բավարար պայմաններ ապահովել:
Ադրբեջանական նենգ ծուղակը բացահայտվեց, երբ ադրբեջանական դեսպանատան տարածքից նետված քարերից մեկը վիրավորեց ցույցի ակցիային մասնակից հայ աղջկան: Այդ մասին առկա է բժշկական արձանագրություն:
Ցավոք, ինչպես ընդունված է մամուլը հավասարության, համահարթեցման տեսանկյունով է նայում խնդիրներին: Regio15.nl տարածաշրջանային կայքը «Շատ հույզեր» վերնագրի ներքո գրում է.
«Այսօր ադրբեջանցիներն ու հայերը միասին հավաքվել էին ցույցի Ադրբեջանի դեսպանատան մոտ:
Քանի որ Կովկասում երկու երկրների միջև հին վեճերը լուծված չեն և սպառնում է նորովի բռնկվել, դեսպանատան մոտ էլ հույզերը թեժացան:
Ադրբեջանցիները հավաքվել էին դեսպանատան տարածքում, իսկ մի խումբ հայերը կանգնած էին փոքր հեռու՝ տեղադրված պատնեշների մյուս կողմում: Այն վերահսկվում էր սպաների փոքր քանակություն:
Ժամանակն անցնում էր, հույզերն ավելանում էին, միմյանց հասցեի անվայել խոսքեր էին հնչում: Ոստիկաններն տեսան, որ վիճակը կարող է սրվել:
Հինգից 15 պակաս ՝ ժամանեցին հավելյալ սպաների, հեծյալ ոստիկանության և կինոլոգների խմբեր: Ժամանակ առ ժամանակ շշեր էին նետվում և ծխի ռումբեր օգտագործում
Հայերին այդ ժամանակ սիրով, բայց շտապ խնդրեցին հեռանալ, և որտեղ դա արագորեն չէր ստացվում , «նրանց օգնության ձեռք էին մեկնում»: Հինգ անց երեսուն լիարժեք ամեն բան խաղաղ էր: Որքան հայտնի է, ձերբակալություններ չեն կատարվել»:
Հիշյալ հոդվածից էլ պարզից պարզ երևում է, որ Նիդերլանդական ոստիկանությունը նուրբ կերպով զգացել է ադրբեջանական սադրանքը: Այլապես «Հայերին այդ ժամանակ սիրով ու շտապ » չէին խնդրի հեռանալ:
Իսկ մինչ այդ ի՞նչ արեցին հայ ցուցարարները: Փառք տվեցին ու հարգեցին հայ զինվորների հիշատակը: Մեր քաջարի, սահմանապահ զինվորներին իրենց աջակցությունն ու նվիրվածությունը հայտնեցին: Հիշեցրին, որ Ալիևը ագրեսոր է, Ադրբեջանին խաղաղության կոչեցին ու հավաստեցին, որ սպառնալիքներով խոսել հայ ժողովրդի հետ չի կարելի:
Հայրենասիրական երգեր ու պարեր կատարեցին, ելույթներ ունեցան ու սթափության կոչեր հնչեցրին:
Ադրբեջանական այս քողարկված ծրագրի բացահայտումը հիստերիայի մեջ է գցել Ադրբեջանի դեսպանությանը, այն երևում է դեսպանության կայքում: Այստեղ ևս չեն խորշել խարդախությունից: Խախտելով Նիդերլանդական կայքի հեղինակային իրավունքը, տեքստից առանձնացրել են տեսանյութը ու իրենց ծիծաղելի մեկնաբանությունը դրել` «Հակապատերազմական խաղաղություն ուզող հայկական ցուցարարները փաստորեն ագրեսիվ խուլիգաններ են» տեքստով:
Թե որտեղ է երևում, որ հայերը խուլիգաններ են, դա Նիդերլանդների Թագավորությունում Ադրբեջանի դեսպան Ֆիքրեթ Ախունդովի խղճին: Իսկ իրականում նա ավելի շատ անհանգստանում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներով ու սարսափում է հայկական դրոշի գույներից, որի գունային ծխաքուլաները բարձրացան դեսպանատան ճաղավանդակներից ու շենքից էլ վեր։
Մեկնաբանելով տեղի ունեցածը` Նիդրելանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, Ադրբեջանի դեսպանության տարածքում հակացույց կազմակերպելը որակեց որպես պարզունակ սադրանք և հայ-ադրբեջանականա սահմանին առկա լարվածությունը Նիդերլանդներ տեղախափոխելու և ազգամիջյան ընդհարում խթանելու վտանգավոր փորձ։ Ադրբեջանի դեսպանության սադրիչ քայլերի վերաբերյալ իր մտահոգությունը դեսպանությունը հայտնել է Նիդերլանդների իշխանություններին։
Նա նկատեց, որ միջազգային բազմաթիվ կառույցների կողմից արձանագրված Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության մաս կազմող հայերի դեմ ատելության խոսքը իր ամենավատ կողմերով արտացոլված է նաև Ադրբեջանի դեսպանության սոցցանցերի էջերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ