Գերմանիայում բարձր են համարում կորոնավիրուսի անվերահսկելի տարածման հավանականությունը
Ներկայումս Գերմանիայի առանձին շրջաններում գոյություն ունի SARS-CoV-2 կորոնավիրուսի անվերահսկելի տարածման սպառնալիք, կարծում է Ռոբերտ Կոխի անվան գերմանական ինստիտուտի ղեկավար Լոթար Վիլերը։ «Ներկայումս իրավիճակն ընդհանուր առմամբ եւ ամբողջությամբ լրջացել է»,- այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հայտարարել է նա Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է DW-ն։
Հիմա հնարավորություն կա դանդաղեցնելու կորոնավիրուսի տարածումը, եւ դրա համար անհրաժեշտ է պաշտպանական դիմակներ կրել, հետեւել հիգիենայի կանոններին եւ սոցիալական հեռավորություն պահպանել, նշել է Վիլերը։ «Մենք անզոր ենք»,- շեշտել է նա հետո՝ դիմելով Գերմանիայի բնակիչներին։
RKI ղեկավարի խոսքով՝ առայժմ վարակումների հիմնական մասը բաժին է ընկնում երիտասարդներին եւ միջին տարիքի ներկայացուցիչներին, ուստի մեծ մասամբ նկատվում է հիվանդության համեմատաբար թեթեւ ընթացք։ Դրա հետ մեկտեղ աճում է վարակակիրների թիվը տարեցների շրջանում, ինչպես նաեւ կլինիկաներում COVID-19 թոքաբորբով պացիենտների թիվը։ Ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ բուժում ստացողների թիվը վերջին մեկ շաբաթում կրկնապատկվել է, հիմա այդ ցուցանիշը կազմում է 943։
Ընդ որում՝ RKI-ի տվյալներով վիրուսը գլխավորապես տարածվում է ընտանիքներում եւ մասնավոր հանդիսությունների շրջանակում։ Այնուհետեւ նշվում է, որ հանրային տրանսպորտում, հյուրանոցներում եւ դպրոցներում ավելի հազվադեպ են վարակվում։
Գերմանիայի բոլոր մարզերի եւ մարզի կարգավիճակ ունեցող քաղաքների 40 տոկոսը համարվում է համաճարակաբանական բարձր ռիսկի գոտի, այսինքն՝ այնտեղ վարակումների աճը վերջին 7 օրերին գերազանցում է 100 հազար բնակչին 50 դեպք ցուցանիշը։ Վերջին մեկ օրում այս ցուցանիշն աճել է 33 մարզում մինչեւ 166 դեպք, նշված է Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի հրատապ վիճակագրությունում։ Ներկայումս առավել տուժած տարածքներից է Ավստրիային սահմանակից Բերխթեսգադեներ Լանդ մարզը, որտեղ վերջին մեկ շաբաթում վարակվածների աճը կազմում է 100 հազար բնակչին 292,6 դեպք։
Գերմանիան ընդլայնել է համաճարակաբանական բարձր ռիսկի երկրներին եւ մարզերի ցանկը։ RKI-ն «կարմիր ցուցակի» մեջ է ներառել Լեհաստանը, Շվեյցարիան, Իռլանդիան, Լիխտենշտեյնը, ինչպես նաեւ Ավստրիան՝ բացառությամբ Կարինտիայի դաշնային հողի։ Դրանից բացի, ցուցակում են հայտնվել Իտալիայի մի քանի մարզեր, ներառյալ Տոսկանան, Լոմբարդիան եւ Սարդինիան, Շվեդիայի, Բուլղարիայի, Հունգարիայի եւ Խորվաթիայի առանձին մարզեր։ Միեւնույն ժամանակ «կարմիր ցուցակից» հանվել են Կանարյան կղզիները։
Գերմանիայում կորոնավիրուսով վարակումների թիվը հասել է նոր առավելագույնի։ RKI-ի տվյալներով՝ անցած մեկ օրում ինֆեկցիա է հայտնաբերվել 11 287 մարդու մոտ։ Մեկ օր առաջ գրանցվել էր SARS-CoV-2-ով 7595 մարդ։ Մեկ օրում վարակման հետեւանքներից մահացել է 30 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 9905-ի։ Գերմանիայում համավարակը սկսվելուց ի վեր վիրուսով է վարակվել 392 049 մարդ, ապաքինվել է 302 100-ը։
Կարծիքներ