ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ կորոնավիրուսը որպես կենսաբանական զենք չի ստեղծվել

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ կորոնավիրուսը որպես կենսաբանական զենք չի ստեղծվել

ԱՄՆ հետախուզական հանրությունը չի կարծում, որ նոր կորոնավիրուսը ստեղծվել է որպես կենսաբանական զենք։ Այս մասին ասված է զեկույցում, որը հրապարակվել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի կայքում։

«Մենք կարծում ենք, որ վիրուսը չի մշակվել որպես կենսաբանական զենք», – ասվում է փաստաթղթում:

Երկրի հետախուզական գերատեսչությունների մեծ մասը նաև կարծում է, որ վիրուսը, հավանաբար, գենետիկորեն չի փոխվել: Դրա հետ մեկտեղ երկու հետախուզական գերատեսչություններ կարծում են, որ նման գնահատականների համար տվյալները բավարար չեն:

Ավելի վաղ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը խոստովանել էր, որ չունի բավարար տեղեկատվություն, որպեսզի պարզի, թե արդյոք կորոնավիրուսը բնական երևույթ է, թե Ուհանի լաբորատորիայից արտահոսքի հետևանք է:

Ամիսներ առաջ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի՝ արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի անդամ, հանրապետական Մայքլ Մաքքոլը հրապարակել էր զեկույց, որը սատարում է կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին տեսությունը:

ՄԱԿ-ը կոչ էր արել Չինաստանին և մյուս երկրներին համագործակցել ԱՀԿ-ի՝ COVID-19-ի ծագման հետաքննության հարցում:

Հիշեցնենք, որ ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինը հայտարարել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկած ծրագիրը կորոնավիրուսի ծագման ուսումնասիրության երկրորդ փուլի մասով պարունակում է ձևակերպումներ, որոնք չեն հարգում գիտությունը, Չինաստանը չի հետևելու դրան:

Նույն օրը Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հիասթափված է ԱՀԿ-ի հետաքննության երկրորդ փուլին մասնակցելուց Չինաստանի հրաժարումից։

Ավելի վաղ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ կազմակերպությունը պատրաստվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի ծագման ուսումնասիրման երկրորդ փուլին և թափանցիկություն է ակնկալում ՉԺՀ-ի իշխանություններից: Նա նշել է, որ առաջին փուլը բախվել է որոշակի խնդիրների։ Դրանցից մեկը նա անվանել է «տվյալների հասանելիությունը, հատկապես համաճարակի մեկնարկի մասին տվյալներին»։

Գեբրեյեսուսը նաև չէր բացառել, որ կորոնավիրուսի տարածումը կարող էր «լաբորատորիայում արտակարգ պատահարի» հետևանք լինել: Ի պատասխան դրան՝ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ ԱՀԿ-ի փորձագետները հետազոտությունների նոր փուլի ընթացքում ավելի մեծ ուշադրություն կդարձնեն այն տեսությանը, որ կորոնավիրուսը բերվել է Ուհան սառեցված մթերքների հետ, այլ ոչ թե հայտնվել լաբորատորիայից արտահոսքի հետևանքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում