Գալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ԱԺ նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Տիգրան Սահակյանի կողմից խաբեության եղանակով գույքային վնաս պատճառելու, ինչպես նաև ապացույցները կեղծելու դեպքերի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2003թ. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարը, /վարչության պետ/ պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Երևան քաղաքի Աբելյան փողոցում գտնվող «Աջափնյակ» ունիվերսամի շենքը գնահատված արժեքից էականորեն ցածր՝ ընդամենը 22.500.000 ՀՀ դրամով ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցրել է նախօրոք հայտնի գնորդ Տիգրան Սահակյանի օգտին, որից հետո վերջինս, վճարելով նշված գումարը, ձեռք է բերել նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը:
Նշված գույքի ձեռքբերումից հետո՝ 2003թ. հունիսի 26-ին, Տիգրան Սահակյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով ունիվերսամի վերակառուցման, սպասարկման տարածքի ընդլայնման, ավտոկայանատեղերի կազմակերպման, բարեկարգման և կանաչապատման նպատակով լրացուցիչ տրամադրել մոտ 3600 քմ հողամաս և ճանաչել հողի սեփականության իրավունքը: Նշված դիմումի հիման վրա՝ 2003թ. սեպտեմբերի 11-ին Երևանի քաղաքապետի կողմից կայացված որոշման համաձայն՝ Երևան քաղաքի Աբելյան փողոցում գտնվող «Աջափնյակ» ունիվերսամի շենքի զբաղեցրած 7470 քմ մակերեսով հողամասը և ևս 3880 քմ հողամաս՝ վարձակալական հիմունքներով և գնման նախապատվության իրավունքով, տրամադրվել են Տիգրան Սահակյանին: Վարձակալության պայմանագրերը կնքվել են 2004թ. փետրվարի 10-ին: ՀՀ կառավարության՝ 24.12.2003թ. թիվ 1746-Ն որոշմամբ սահմանված հողատարածքների կադաստրային արժեքներում նշված կարգավորումների համաձայն՝ Տիգրան Սահակյանի կողմից վարձակալած հողատարածքների կադաստրային արժեքը կազմել է ընդհանուր 51.347.400 ՀՀ դրամ, իսկ նախկին կարգավորումների համաձայն՝ նշված հողատարածքների կադաստրային արժեքը կազմել է 16.623.437 ՀՀ դրամ:
Կարծիքներ