Բուլղարիան ենթակառուցվածք է պատրաստում ՆԱՏՕ-ի մոտ 5000 զինծառայողի տեղակայման համար
Բուլղարիայի տարածքում կկառուցվեն ենթակառուցվածքային օբյեկտներ ՆԱՏՕ-ի մոտ 5000 զինծառայողների տեղակայման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին BTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Թոդոր Տագարևը։
«Միացյալ Նահանգներ կատարած իմ այցի ժամանակ քննարկել ենք անհրաժեշտ ենթակառուցվածքի ապահովման հնարավորությունը` մեր տարածքում ՆԱՏՕ-ի բազմազգ մարտական խմբի տեղակայման համար: Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել՝ դրա շինարարությունը ֆինանսավորելու համար օգտագործելու տարբեր միջազգային հիմնադրամներ: Կա պլան, որ ՆԱՏՕ-ի արևելյան թևում ՆԱՏՕ-ի մարտական խմբի թվաքանակը հասցվի բրիգադի մակարդակի՝ մինչև մոտ 5 հազար զինծառայողի: Այս պահին աշխատանքի իրականացման հստակ ժամանակացույց չկա, բայց մենք պատրաստ ենք ժամանակին ապահովելու անհրաժեշտ ամեն ինչ», - հարցազրույցից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Տագարևը պարզաբանել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքը ներառում է ոչ միայն դաշնակիցների տեղակայման վայրերը, այլև բազմաթիվ այլ օբյեկտներ։
«Ենթակառուցվածքը նշանակում է ճանապարհներ և երկաթուղային գծեր, որոնք կկարողանան ապահովել դաշնակիցների զորքերի արագ ծավալումը մեր տարածքում: Նշանակում է խողովակաշարեր և վառելիքի պահեստներ: Նշանակում է նաև վայրեր զինծառայողների տեղակայման համար: Մենք աշխատում ենք այս բոլոր հարցերի շուրջ, բայց դրանցից ոչ բոլորն են գտնվում Պաշտպանության նախարարության իրավասության ներքո», - նշել է նախարարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի բազմազգ մարտական խմբի տեղակայման համար Բուլղարիայում կառուցվելիք զինվորական ավանի արժեքը կկազմի ավելի քան 100 միլիոն լև (ավելի քան 50 միլիոն եվրո), և ռազմակայանը պետք է պատրաստ լինի մինչև 2025 թվականը:
Կարծիքներ