Առաջին անգամ Հայաստանում միահյուսված հնչել են Պյացոլայի և Վիվալդիի ստեղծագործությունները
«Պրիմավերա» խորագրով համերգին առաջին անգամ Հայաստանում հնչել են Վիվալդիի հանրահայտ «Տարվա եղանակները» և Պյացոլայի «Բուենոս Այրեսի չորս եղանակները» ստեղծագործությունները՝ յուրահատուկ, միահյուսված կերպով:
Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած երեկոյին մասնակցել է PhilSoloists անսամբլը, որը կազմված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարներից: Սա անսամբլի անդրանիկ ելույթն էր:
Համերգի մենակատար, հայտնի ջութակահար Խաչատուր Ալմազյանը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել համերգին: «Միշտ մեծ հուզմունք եմ ապրում հայաստանյան ելույթներից առաջ, քանի որ հայ ունկնդիրը շատ խստապահանջ է: Ուրախ եմ, որ համերգը մեծ հաջողություն ունեցավ և ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից»,- նշում է երաժիշտը:
Ալմազյանի խոսքով՝ մեծ հաճույքով է համագործակցել Ֆիլհարմոնիկի PhilSoloists անսամբլի հետ, քանի որ նրանք իրենց գործի վարպետներ են, տաղանդավոր երաժիշտներ, և նրանց հետ նվագելը պատվաբեր է յուրաքանչյուր պրոֆեսիոնալի համար: Ուրախ էր նաև որպես պրոդյուսեր ֆինանսապես աջակցել նորաստեղծ անսամբլին, քանի որ համերգը եկամտաբեր էր ֆինանսական ծախսի բացակայության պարագայում. «Ես խնդրում և հորդորում եմ ունկնդիրներին հարգել մեր երաժիշտների աշխատանքը և հրավիրատոմս խնդրելու փոխարեն տոմսեր գնել: Դուք այդպիսով ձեր փոքր, բայց կարևոր աջակցությունը կցուցաբերեք Հայաստանում պրոֆեսիոնալ կատարողական արվեստի պահպանմանն ու զարգացմանը: Ֆիլհարմոնիկի երաժիշտները միջազգային բարձր մակարդակի կատարում են ապահովում և արժանի են դրան»,-շեշտում է նա:
Ջութակահար և պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը մեծ ճանաչում ունեցող Almazian Symphony-ի («Ալմազյան Սիմֆոնի»՝ հիմնադրված 2007թ.) գեղարվեստական ղեկավարն է և մենակատարը: Ալմազյանն ամերիկյան Sonoris ֆիրմայում թողարկել է երկու ալբոմ:
Ալմազյանն իր անսամբլի հետ համագործակցել է Sony Music Entertainment-ի, ֆրանսիական ազգային TV Network-ի, կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի, բալետի մենապարող աստղ Սերգեյ Պոլունինի հետ: Ելույթներ է ունեցել Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի սրահում, Մոսկվայի Բարվիխա համերգասրահում, Բրյուսելի կինոփառատոնի բացման և փակման արարողություններին, Rhythm of Europe, Skopje Summer, Sea Dance և Ohrid Summer Festival-ներին, Exit Festival-ում (2008, 2015, 2018), որը պաշտոնապես հայտարարվել է «Եվրոպայի լավագույն երաժշտական փառատոն», Դուբայ, Հոնգ Կոնգ, Աթենք, Ամստերդամ, Երևան, Անտվերպեն, Բելգրադ և այլ քաղաքներում:
Almazian Symphony-ն ձայնագրել է Էմիր Կուստուրիցայի վերջերս նկարահանած «On The Milky Road» լայնաֆորմատ ֆիլմի երաժշտությունը, որը գրել է Ստրիբոր Կուստուրիցան: Այս ֆիլմում Խաչատուրը հանդես է եկել նաև որպես դերասան՝ ընկերակցելով իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչիին:
Խաչատուր Ալմազյանը ծնվել է Հայաստանում՝ երաժշտական ընտանիքում: Կրթությունը ստացել է Չայկովսկու անվ. դպրոցում (ՀՀ վաստակավոր ուսուցիչ պրոֆ. Պետրոս Հայկազյանի դասարան) և Երևանի կոնսերվատորիայում (պրոֆ. Վիլլի Մոկացյանի դասարան): Կատարելագործվել է Իգոր Օյստրախի մոտ՝ Բրյուսելի Royal Conservatory-ում, Միշա Քեյլինի մոտ՝ Նյու Յորքում և Էդուարդ Վուլֆսոնի մոտ՝ Փարիզում:
Կարծիքներ