Ֆրանսիայում դեռահաս վարորդին սպանած ոստիկանի հանդեպ միտումնավոր մարդասպանության գործով հետաքննություն է սկսվել
Ֆրանսիայի Նանտեր քաղաքի դատախազությունը պահանջում է միտումնավոր մարդասպանության մեղադրանքով կալանավորել հունիսի 27-ին 17-ամյա վարորդին սպանած ոստիկանին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24-ից, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Նանտերի դատախազ Պասկալ Պրաշը։
Պրաշը նաև նշել է, որ ոստիկանը չի պահպանել զենքի օրինական օգտագործման պայմանները։ Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ոստիկանի նկատմամբ ժամանակավոր կալանք կիրառելու վերաբերյալ։
Դատախազը նաև ներկայացրել է իրադարձությունների ընթացքը․ ոստիկանները նկատել են լեհական պետհամարանիշով մեքենան, կանգնեցրել են այն, սակայն վարորդը հրաժարվել է ենթարկվել, և երկու ոստիկանները սկսել են հետապնդել մեքենան։ 17-ամյա վարորդը մի քանի խախտումներ է կատարել, իսկ երբ կանգնել է լուսացույցի տակ, ոստիկանները մոտեցել են, խնդրել են անջատել շարժիչը և դուրս գալ մեքենայից։ Տղան հրաժարվել է դա անել և սկսել է վարել մեքենան։ 38-ամյա ոստիկանը կրակել է նրա վրա։ Գնդակն անցել է վարորդի թևով և կրծքավանդակով։ Մեքենան վթարի է ենթարկվել և կանգ առել։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները, սակայն չեն կարողացել փրկել վարորդի կյանքը։
Միջադեպը վերջին երկու օրերին բողոքի մեծ ալիք է բարձրացրել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում։ Ցույցերն ուղեկցվել են նաև անկարգություններով։ Իրավապահները ձերբակալել են առնվազն 180 մարդու։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 170 ոստիկան վիրավորվել է։
Կարծիքներ