Դատավորն արգելափակել է Թրամփի՝ ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը սահմանափակող հրամանը
ԱՄՆ դաշնային դատավորը հունվարի 23-ին արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից նախագահի կատարողական հրամանի կատարումը, որը սահմանափակում է ԱՄՆ-ում ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը. դատավորն այդ հրամանն անվանել է «բացահայտ հակասահմանադրական»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Սիեթլում գործող ԱՄՆ շրջանային դատավոր Ջոն Քոինուրը դեմոկրատների գլխավորած չորս նահանգների՝ Վաշինգտոնի, Արիզոնայի, Իլինոյսի և Օրեգոնի հորդորով ժամանակավոր խափանման միջոց է սահմանել՝ թույլ չտալով նախագահի վարչակազմին կատարել հրամանը: Թրամփը հրամանը ստորագրել էր հունվարի 20-ին՝ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջին օրը։
«Ակնհայտորեն, մենք կբողոքարկենք», - դատավորի որոշմանն արձագանքելով՝ ասել է Թրամփը։
Ըստ Թրամփի հրամանի՝ ԱՄՆ-ում ծնված երեխան չի ստանա քաղաքացիություն, եթե նրա ո՛չ մայրը, ո՛չ հայրը ԱՄՆ քաղաքացի կամ օրինական ռեզիդենտ չեն։
Ավելի վաղ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից ղեկավարվող նահանգները և քաղաքացիական իրավունքներով զբաղվող կազմակերպությունները մի շարք հայցեր են ներկայացրել՝ վիճարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը հետ կանչելու որոշումը։
Կարծիքներ