Fox․ ԱՄՆ նախագահի երկու թեկնածուն էլ ստացել են հաղթելու համար անհրաժեշտ ձայների կեսից ավելին
Երեքշաբթի ԱՄՆ-ում կայացած քվեարկության միջանկյալ արդյունքներով ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենն արդեն ստացել է ընտրողների 227 ձայնը, հանրապետական Դոնալդ Թրամփը՝ 204։ Երկու թեկնածուն էլ արդեն ունեն հաղթելու համար անհրաժեշտ 270 ձայնի կեսից ավելին։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել Fox News հեռուստաալիքը։
Թրամփը հաղթել է Ֆլորիդայում, որտեղ հաղթանակը թեկնածուին տվել է 29 ձայն՝ ավելի շատ, քան ցանկացած այլ տատանվող նահանգում։ Նա առավելություն ունի նաեւ Օհայոյում (18)։ Վերջինը հատուկ նշանակություն ունի, քանի որ երկրի պատմության մեջ հանրապետականներից նախագահի ոչ մի թեկնածուի չի հաջողվել ընտրություններում հաղթել, եթե այս նահանգում առաջ չի անցել։
Բայդենն առաջ է անցել տատանվող Արիզոնա նահանգում (11 ձայն)։ Ելքն առայժմ հայտնի չէ հետեւյալ տատանվող նահանգներում՝ Փենսիլվանիա (20), Միչիգան (16), Ջորջիա (16), Հյուսիսային Կարոլինա (15), Մինեսոտա (10), Վիսկոնսին (10), Այովա (6) եւ Նեւադա (6)։ Ըստ Fox News-ի հաշվարկների՝ Բայդենը դրանց թվում հիմա առավելություն ունի միայն Մինեսոտայում։
Թրամփն արդեն կանխատեսելի հաղթանակ է տարել, մասնավորապես, Տեխաս, Կանզաս, Հյուսիսային եւ Հարավային Դակոտա, Արեւմտյան Վիրջինիա, Կենտուկի, Ինդիանա, Հարավային Կարոլինա, Ալաբամա, Միսիսիպի եւ Թենեսի նահանգներում։
Կարծիքներ