Ֆրանսիան Ռուսաստանի հետ «2 + 2» ձևաչափով կբարձրացնի բելառուսա-լեհական սահմանի ճգնաժամի հարցը

Ֆրանսիան Ռուսաստանի հետ «2 + 2» ձևաչափով կբարձրացնի բելառուսա-լեհական սահմանի ճգնաժամի հարցը

Ֆրանսիական կողմը մտադիր է բելառուսա-լեհական սահմանին միգրացիոն ճգնաժամի հարցը բարձրացնել ուրբաթ օրը Փարիզում Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Քլեր Լեժանդրը ։

«Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Զինված ուժերի նախարար Ֆլորենս Պարլին իրենց հաստատակամ դիրքորոշումը կհայտնեն այս հարցում իրենց ռուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ»,- ասել է Լեժանդրը՝ ի պատասխան հարցման։ 

Ֆրանսիայի դիվանագիտական ​​գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ Ֆրանսիան շարունակում է «պահանջատեր երկխոսությունը» Ռուսաստանի հետ։ Լեժանդրը հիշեցրել է, որ այս երկխոսությունը սկսվել է 2019 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ Ֆրանսիայի առաջնորդի ամառային նստավայրում՝ Ֆորտ Բրեգանկոնում։

«Մենք կբարձրացնենք հարցեր, որոնց շուրջ կան տարաձայնություններ, բայց նաև կբարձրացնենք այնպիսի հարցեր, որոնք հնարավորություններ են բացում համաձայնության համար, ինչպիսիք են Իրանի հետ հարաբերությունները և այլ թեմաներ»,- ասել է Լեժանդրը։ Նա կարծում է, որ սա շատ օգտակար երկխոսություն է։


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում