Մոսկվան պատրաստ է գնալ նավթի արդյունահանման մասնակի կրճատման. Նովակը հայտնել ՌԴ պատասխան միջոցների մասին

Մոսկվան պատրաստ է գնալ նավթի արդյունահանման մասնակի կրճատման. Նովակը հայտնել ՌԴ պատասխան միջոցների մասին

Ռուսաստանը, ի պատասխան նավթի գնի վերին շեմի սահմանման, պլանավորում է արգելել նավթի և նավթամթերքի մատակարարումներն այն երկրներին, որոնք պայմանագրերում կպահանջեն պահպանել այդ պայմանը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: ՌԴ կառավարության փոխնախագահը հիշեցրել Է նախագահի առաջիկա հրամանագրի մասին: «Այս հրամանագրի շրջանակներում արգելվում է նավթի և նավթամթերքի մատակարարումն այն երկրներին և այն իրավաբանական անձանց, որոնք պայմանագրերում կպահանջեն պահպանել Եվրամիության կողմից սահմանված գնի վերին շեմը», - ասել է Նովակը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է գնալ նավթի արդյունահանման մասնակի կրճատման։ «Հաջորդ տարվա սկզբին մենք կարող ենք ունենալ օրական մոտավորապես 500-700 հազար բարելով կրճատում, ինչը մեզ համար կազմում է մոտավորապես հինգից յոթ տոկոս», - հավելել Է ՌԴ փոխվարչապետը։ Նովակը հստակեցրել է, որ խոսքն աննշան ծավալի մասին Է, բայց, այդուհանդերձ, «նման ռիսկեր առկա են»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկուշաբթի կամ երեքշաբթի օրը կստորագրի հրամանագիր այն միջոցների մասին, որոնք կկիրառվեն ռուսական նավթի գնի վերին շեմի սահմանմանն ի պատասխան:

Դեկտեմբերի 5-ից ուժի մեջ են մտել Արևմուտքի երկրների պատժամիջոցներն ՝ուղղված Ռուսաստանի նավթարտահանման դեմ. Եվրամիությունը դադարեցրել Է  ծովով փոխադրվող ռուսական նավթի ընդունումը, իսկ «Մեծ յոթնյակի» երկրները, Ավստրալիան և ԵՄ-ն մտցրել են դրա գների սահմանափակում՝ ծովային փոխադրումների դեպքում մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակով. արգելված Է ավելի թանկ գնով ձեռք բերված նավթի փոխադրումն ու ապահովագրումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում