Լեհաստանը մտադիր է 10 հազար զինվորի տեղաբաշխել Բելառուսի հետ սահմանին
Լեհաստանի զինված ուժերը մտադիր են լեհ-բելառուսական սահմանին տեղակայել 10 հազար զինծառայողի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին Լեհական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
«Սահմանին կլինի մոտ 10 հազար զինվոր. 4 հազարն անմիջականորեն կօգնի սահմանի պահպանությանը, 6 հազարը կլինի տարածաշրջանում», - ասել է նա։
Բլաշչակի խոսքով՝ լեհական բանակն ակտիվորեն զարգանում է և զինվում արդի սարքավորումներով։
«Երկու տարվա ընթացքում մենք կունենանք ուժեղագույն բանակը Եվրոպայում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Լեհաստանի զինված ուժերի զինծառայողների թվակազմն արդեն 170 հազար է։
Լեհաստանը որոշել է լրացուցիչ ուժեղացնել ռազմական ներկայությունը լեհ-բելառուսական սահմանին Բելառուսի տարածքում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հայտնվելուց հետո, ինչպես նաև բելառուսական երկու ռազմական ուղղաթիռների կողմից լեհական օդային սահմանի ենթադրյալ խախտման միջադեպից հետո:
Միևնույն ժամանակ, Բելառուսի հետ սահմանի պաշտպանության ամրապնդման գլխավոր պատճառը Լեհաստանի իշխանություններն անվանում են միգրացիոն ճգնաժամի նոր փուլը, որը շարունակվում է 2021 թվականի աշնանից։ Ըստ սահմանապահ ծառայության ներկայացուցիչների` իրենք կրկին արձանագրում են անօրինական միգրանտների թվի աճ, որոնք փորձում են մտնել Լեհաստանի տարածք։ Սահմանապահ ծառայությունը նշում է, որ միգրանտները նաև ագրեսիվ գործողություններ են կատարում՝ քարեր, շշեր և փայտեր են նետում սահմանապահների վրա:
Կարծիքներ