Գյումրիում իրավիճակը խիստ լարված է. ճանապարհն ազատելու համար ոստիկանները բերման են ենթարկում հավաքի մասնակիցներին
Գյումրիում այսօր «Ազգային ժողովրդավարական բևեռ» արմատական հակառուսական քաղաքական կազմակերպությունը պլանավորել էր ակցիա անցկացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի մոտ։
Ոստիկանությունն էլ իր հերթին փակել էր ՌԴ 102-րդ ռազմաբազայի մուտքերը:
Տեղում հավաքվածներն ու ակցիայի հիմնական մասնակիցները ժամանել են Երևանից, նրանք «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի աջակիցներն են:
Քիչ առաջ ոստիկանությունը սկսեց ազատել ճանապարհը՝ բերման ենթարկելով հավաքի մի շարք մասնակիցների, իրավիճակը կտրուկ լարվեց: Հավաքի մասնակիցները ոստիկանության ծառայողների հասցեին սկսեցին անպարկեշտ արտահայտություններ անել, վիրավորել նրանց, գոռգոռալ, քաշքշել:
«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ հիմնականում բերման են ենթարկվել ակցիայի՝ Երևանից ժամանած և առավել ակտիվ մասնակիցները, իսկ տեղում մնացած փոքր խումբը որոշեց տեղափոխվել՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի հիմնական մուտքի մոտից շարժվելով դեպի «Մայր Հայաստան»-ի լճի հարակից հատված:
Կարծիքներ