Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել ԼՂ-ում. Արթուր Հովհաննիսյան

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել ԼՂ-ում. Արթուր Հովհաննիսյան

Մարտի 31-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիի և Երևանում գտնվող Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ Արփի Դավոյանը և Մերի Գալստյանը:

Ողջունելով հյուրերին Հայաստանի Ազգային ժողովում` Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի վերջին օրերի սանձազերծած սադրանքները:

«Պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը: Նա անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի տարածած ստահոդ լուրերին, թե իբրև հայկական կողմը ՌԴ-ին է փոխանցել իր հաշվեկշռում եղած չորս ռազմական ինքնաթիռ, թե իբրև Հայաստանը հրաժարվում Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցություններից: «Դա բացարձակ ապատեղեկատվություն է»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:

Դիմելով չեխ գործընկերներին` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը կոչ է արել հասցեական գնահատական հնչեցնել խնդրի վերաբերյալ: Նշվել է, որ Հայասանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելուն:

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին նշել է, որ ստացած տեղեկատվությունը փոխանցում են ի պատկանելույն:

Այնուհետև հանդիպման մասնակիցներն անդրադարձել են երկուստեք բնապահպանական խնդիրներին, ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև երկու երկրների գործարարների միջև կապերի խթանման ուղղությամբ տարվող քայլերը:

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին նշել է, որ առանց գործարարների ակտիվ մասնակցության` հնարավոր չէ լուծել տնտեսական ու բնապահպանական խնդիրները:

Արթուր Հովհաննիսյանը ողջույններ է փոխանցել Չեխիայի խորհրդարանում նորաստեղծ Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում