Շրջակա միջավայրի նախարարը եղել է «Սևան» ազգային պարկի հանրային լողափերից մեկում
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկ նախօրեին կատարած այցի շրջանակում եղել է ազգային պարկի հանրային լողափերից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։
Լողափի սպասարկումն իրականացնող կազմակերպության տնօրենի հետ տեղում ծանոթացել են քաղաքացիների ջրափնյա հանգիստը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանների առկայությանը և մատուցվող ծառայությունների որակին։
Նախարարը շատ տպավորված է վերջին ամիսներին կատարված_աշխատանքով։ Ընդամենը ամիսներ առաջ, երբ այս ափում շաբաթօրյակ էր կազմակերպվել, տարածքում դեռ ահռելի ծավալի աշխատանք կար իրականացնելու։ Իսկ այսօր, լողափերը կահավորված են անհրաժեշտ գույքով, գործում են մի շարք անվճար ծառայություններ՝ ավտոկայանատեղի, շվաքարաններ, հանդերձարաններ, սանհանգույցներ, խաղահրապարակներ։
Լողափերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Այս մասով, իհարկե, դեռ աշխատանք կա անելու, պետք է կառուցվեն նաև ափի տարածքում տեղաշարժվելու համար հատուկ հարթակներ։
Ափի ողջ երկայնքով տեղադրված են աղբամաններ։ Գործում է բուժկետ և իրականացվում է ջրափրկարարական ծառայություն։
Սևանա լիճը առափնյա հանգստի կազմակերպման պայմաններով և առաջարկվող ծառայությունների որակով պետք է դառնա տարածաշրջանում գրավչություն ունեցող և միջազգային չափորոշիչներին համապատասխան։
Կարծիքներ