Ֆրանսիայում վախճանվել է հայտնի քանդակագործ Թորոսը. Թորոս Ռասթկելենյանը
86 տարեկան հասակում հուլիսի 28-ին Ֆրանսիայում վախճանվել է հայտնի քանդակագործ Թորոս Ռասթկելենյանը,/ Թորոս - Թորոս Ռասթ - Կլան/։ Նա Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտի գրականության, գիտության և արվեստների ակադեմիայի անդամ է 2003 թվականից։
Թորոս Ռասթկելենյանն արմատներով Արեւմտյան Հայաստանի Ուրֆա քաղաքից է, ծնվել է Հալեպում 1934 թվականի դեկտեմբերի 12-ին։ Հորից ժառանգել է պղնձագործի ավանդական արհեստը, զբաղվել դրվագումով և արձանագործությամբ։ 1966 թվականին «Ազատագրված արաբ կինը» միջազգային մրցույթում Թորոսի յոթմետրանոց «Ազատության ջահ» արձանը շահել է առաջին մրցանակը և տեղադրվել Հալեպի հրապարակներից մեկում։
1967 թվականից բնակվում է Դրոմ դեպարտամենտի Ռոման քաղաքում։ 1968 թվականից ցուցադրվում է Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների պատկերասրահներում և ցուցահանդեսներում։ Միայն Ֆրանսիայի 30 քաղաքներում տեղադրված են նրա արձանները։
Թորոսի բրոնզե եւ պղնձե մոնումենտալ 15 քանդակներ տեղադրված են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ( Հայոց ցեղասպանությունը դատապարտող՝ Մարսելի, Էքս Ան Պրովանսի, Վալանսի, Վիենի և Սենտ Էտիենի կոթողները և այլն), որոնք առանձնանում են մետաղամշակման նրբությամբ և խիստ ընդհանրացված ծավալաձևերով («Սրնգահարը», բրոնզ,1978, տեղադրվել է Ռոմանի փոքրիկ հրապարակում, «Ընտանիք», բրոնզ, 1999, «Սիրեն», համաձուլվածք, 2001 և այլն)։
Կերտել է նաև դիմաքանդակներ՝ «Սայաթ-Նովա», Ստեփան Շահումանյան, Գալուստ Գյուլբենկյան և այլն։
2009 թվականի հոկտեմբերի 16-ին Թորոսի կերտած Սայաթ-Նովայի բրոնզաձույլ կիսանդրին տեղադրվել է Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում` սփյուռքի նախարարության հրավերով։
Նա Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի I և II աստիճանների շքանշանակիր է ( 1984,2000)։
Փարիզի Նուվել դը Արմենի ամսագիրը տպագրել է նրա հետ վերջին հարցազրույցը, որն անցկացրել է հայտնի լրագրող Գրիգոր Ամրիզայանը։
Սայաթ-Նովային նվիրված հուշարձանը Երեւանում՝ Սայաթ -Նովա փողոցի սկզբնամասում
Կարծիքներ