Կայացել է Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը
2023 թ. լրանում է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակները: Անվանի հայ արվեստագետների 100-ամյա հոբելյանները նշելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով և հաստատվել է դրա անհատական կազմը:
Հոբելյանական հանձնաժողովը նախագահում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գլխավորությամբ մարտի 14-ին տեղի է ունեցել Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որին ներկա են գտնվել նաև անվանի արվեստագետների ժառանգները: Նախարարի տեղակալը ողջունել է նիստի մասնակիցներին և ընդգծել Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակների հոբելյանական տարին պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը:
Մանրամասն քննարկվել և դիտարկվել են հոբելյանական միջոցառումների բովանդակային բաղադրիչները, կազմակերպման ընթացքի, ժամանակացույցին առնչվող մի շարք հարցեր: Որպես նպատակի իրագործման առաջնային քայլ՝ քննարկվել են արվեստագետների ընտանիքների կողմից նախանշած ծրագրերը և նախաձեռնությունները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշված ծրագրերը, հնչեցված առաջարկներն ամփոփելու և դրանք հաջորդ նիստի քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ:
Կարծիքներ