Ռեալը հաղթեց Լիվերպուլին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ռեալը հաղթեց Լիվերպուլին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Լիվերպուլին»։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

«Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է «սերուցքայինների» նվազագույն հաշվով հաղթանակով (1-0): Միակ գոլը 79-րդ րոպեին խփեց Կարիմ Բենզեման։

Իսպանական ակումբի հաղթանակով էր (5-2) ավարտվել նաև Անգլիայում կայացած թիմերի միջև առաջին խաղը։ Այսպիսով, Մադրիդի «Ռեալը», որը մրցաշարի գործող չեմպիոնն է, դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

Քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա ուրբաթ՝ մարտի 17-ին։

«Լիվերպուլի» դեմ հանդիպումը նաև պատմական էր Մադրիդի «Ռեալի» համար․ սա մադրիդցիների 300-րդ հանդիպումն էր Չեմպիոնների լիգայում։ Մադրիդյան ակումբն առաջինն է, որը Չեմպիոնների լիգայում 300 հանդիպում է անցկացրել։ Այս ցուցանիշով լավագույն եռյակում են Մյունխենի «Բավարիան» (280) և «Բարսելոնան» (277):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում