Վահրամ Դումանյանը հետևել է Արսեն Եղիազարյանի անվան հուշամրցաշարի ընթացքին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ հետևելու Արսեն Եղիազարյանի անվան հուշամրցաշարի ընթացքին: Նախարարին ուղեկցել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Հուշամրցաշարն անցկացվում է առաջին անգամ՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Առաջին տուրը կայացել է հուլիսի 1-ին: Նախատեսված է ինը խաղափուլ (ավարտը՝ հուլիսի 9-ին):
Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է շախմատիստներին և հաջողություն մաղթել՝ հուշամրցաշարը կարևորելով որպես երիտասարդ շախմատիստների փորձառության հնարավորություն:
«Մեր մեծավաստակ շախմատիստների անվան հուշամրցաշարերի անցկացումը, շախմատի պատմությունն ու անցյալի ավանդույթները վառ պահելը պարտադիր պայման են առաջխաղացման և զարգացման համար: Առանց մեր անվանի շախմատիստների մեծարման չենք կարող ունենալ նոր հաջողություններ. հաղթողները միշտ պետք է հիշվեն»,- ասել է նախարարը և վստահություն հայտնել, որ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական է հայկական շախմատի զարգացման և միջազգային ճանաչելիությունն առավել բարձրացնելու գործում:
Միջազգային վարպետի նորմայով այս մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ, որոնցից 4-ը՝ Վրաստանից և Իրանից: Երեք խաղափուլից հետո առաջատարն է ՖԻԴԵ-ի վարպետ, Բարձրագույն վարպետության դպրոցի մարզիչ Գևորգ Ալավերդյանը:
Նշենք, որ Արսեն Եղիազարյանի անվան հուշամրցաշարով հիմք է դրվում ԿԳՄՍ նախարարության և Երևանի շախմատի ֆեդերացիայի միջև երկարատև համագործակցության. առաջիկայում ևս նախատեսվում են մի շարք միջազգային մրցաշարերի անցկացում:
«Այս մրցաշարով մի կողմից վառ ենք պահում մեծանուն շախմատիստի հիշատակը, մյուս կողմից ստեղծում ենք հնարավորություն նոր սերնդի շախմատիստների համար՝ փորձելու իրենց ուժերը օտարերկրյա առաջատարների հետ: Զարգացման տեսանկյունից սա բացառիկ փորձ է»,- ասել է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ սա նաև պատանիների համար ՖԻԴԵ-ի 4-րդ դասակարգման վարկանիշ լրացնելու հնարավորություն է:
Այցի շրջանակում նախարար Վահրամ Դումանյանը շրջել է նաև Շախմատի դպրոցի լսարաններում, ծանոթացել երեխաների մարզման պայմաններին և առկա խնդիրներին:
Կարծիքներ