Ճապոնիայում մեկնարկել է Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը. տեսանյութ

Ճապոնիայում մեկնարկել է Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը. տեսանյութ

 Ճապոնիայում վերսկսվել է Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Կրակի փոխանցումավազքը մեկնարկել է մարտի 25-ին և այժմ անցնում է ճապոնական Ֆուկուսիմա մարզով: Ամբողջ արարողակարգն անցկացվում է խիստ վերահսկողության ներքո` կորոնավիրուսի պանդեմիան նոր բռնկում չառաջացնելու համար: Ամեն մի ջահակրի ապահով հեռավորության վրա ուղեկցում է մոտ 10 աշխատակից, ինչպես նաև մեկ ոստիկան:

Ջահի փոխանցումավազքը կտևի 121 օր և ի վերջո կրակը կբերվի Տոկիոյի Օիմպիական մարզադաշտ, որտեղ կկայանա ՕԽ բացման պաշտոնական արարողությունը: Կրակը կանցնի Ճապոնիայի մարզերով, իսկ փոխանցումավազքին կմասնակցի մոտ 10 հազար մարդ:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012): 

Հայաստանը մինչ այս ունի 6 օլիմպիական ուղեգիր` մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյան, Կարապետ Չալյան, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյան, Վազգեն Թևանյան, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում