Հարուցվել է քրեական գործ՝ Գորիսի համայնքապետարանում առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«2021թ. մարտի 23-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Գորիսի համայնքապետարանում իրականացվել է ուսումնասիրություն՝ 2016թ. հունվարի 1-ից մինչև 2021թ. ապրիլի 30-նն ընկած ժամանակահատվածում համայնքապետարանին հատկացված պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատությունը գնահատելու նպատակով:
Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են տարաբնույթ խախտումներ՝ շինարարական կապալի պայմանագրերով նախատեսված, հանձնման-ընդունման արձանագրություններով, կատարողական ակտերով հաշվարկված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ, շինարարական աշխատանքների միավորի արժեքների անհիմն թանկացման արդյունքում կատարողական ակտերով ավել հաշվարկված և վճարված գումարներ, շինարարական աշխատանքների համար կատարված ոչ նպատակային ծախս, շինարարության ընթացքում կատարված, սակայն շահագործման ընթացքում կոտրված և շահագործման համար ոչ պիտանի դարձած երկաթբետոնե առվակներ, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, պետությանը պատճառվել է 38.440.000 ՀՀ դրամի վնաս:
Պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և 2011թ. փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու» որոշման պահանջների խախտմամբ երկու պայմանագրերի շրջանակներում կատարվել են աշխատանքների փոփոխություններ, որոնց գումարների չափը, պայմանագրերի սկզբնական գումարների նկատմամբ, կազմել են համապատասխանաբար 35.2 և 26.1 տոկոս:
Բացի այդ, արձանագրվել է, որ Գորիս համայնքում, գույքահարկի բազայում ունենալով չվճարված հարկերի տեսքով պարտավորություն, մի շարք ավտոմեքենաներ օտարվել են:
Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախապատրաստվող նյութերի շրջանակում նշված խախտումների շուրջ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով Գորիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք հրավիրվել են բացատրություն տալու, սակայն չեն ներկայացել:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրություններում և դրանց հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու, համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ