Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին

Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին

Քիմ Քարդաշյանն Արմեն Սարգսյանին ուղղված իր շնորհակալական խոսքում նշել է, թե երջանիկ է, որ կարողացել է նպաստել Ցեղասպանության հարցում իրազեկման բարձրացմանը։

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նամակին, որը նախագահը հղել էր Քիմին ապրիլի 30-ին՝ ի նշան երախտագիտության Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ներդրած ավանդի համար:

Ուղղված նամակում Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել էր. «Ձեր և Ձեր ընտանիքի ազդեցությունը հսկայական է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում, և հրաշալի էր տեսնել, թե ինչպես Ձեր գործունեությամբ ու քայլերով կարողացաք կարևոր դերակատարում ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Շնորհակալ եմ անխոնջ ջանքերի, անկեղծ նվիրումի և հանձնառության համար»:

Ի պատասխան՝ Քարդաշյանը գրել է, որ մշտապես աջակցելու և սատարելու է Հայաստանին. «Նախագահ Սարգսյան, շնորհակալ եմ Հայաստանի մասին մշտապես ինձ նոր գիտելիքներ տալու համար: Շնորհակալություն եմ հայտնում Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և բոլոր այն խմբերին ու հայերին, որոնք պայքարեցին ճանաչման համար: Ուրախ եմ, որ կարողացա օգնել՝ իրազեկելու մարդկանց: Ես միշտ կշարունակեմ աջակցել այս հիասքանչ երկրին»:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանից բացի՝ նախագահը երախտագիտական նամակներ էր հղել նաև ամերիկահայ անվանի բժիշկ, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին, հայտնի երգչուհի Շերելին Սարգսյանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում