Աղջկաս տված խոստումները փորձում եմ միշտ պահել, բայց հիմա չի ստացվում. Արտակ Բեգլարյանը ևս չի կարողանում տուն վերադառնալ

Աղջկաս տված խոստումները փորձում եմ միշտ պահել, բայց հիմա չի ստացվում. Արտակ Բեգլարյանը ևս չի կարողանում տուն վերադառնալ

«Մի քանի օր առաջ եկել էի Երևան՝ կրթական ու աշխատանքային միջոցառումների»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորրդական Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ 4.5 տարեկան աղջկան՝ Նանեին խոստացել է, որ այսօր (երեկ) կվերադառնա տուն ու միշտ ամեն ինչ անում է, որ հատկապես աղջկան տված խոստումները կատարի:

«Այսօր զանգով խոսեցինք, երբ ասացի, որ չեմ կարող վերադառնալ, սկսեց լացել ու հարցրեց, թե ինչու խոստումս չեմ կատարում: Պատասխանեցի՝

- Ադրբեջանցիները փակել են ճանապարհը, որ դու ու քեզ նման շատ երեխաներ լացեք և մենք իրար շատ կարոտենք:

- Պետք է ծեծենք ու հեռու քշենք դրանց,- վճռականորեն պատասխանեց Նանեն...

Կյանքում շատ է կոփվել սիրտս կարոտի մամլիչի տակ, բայց նույնիսկ այդ պարագայում այս կարոտը բացառիկ է՝ լեցուն պատասխանատվության զգացողությամբ»,-գրել է Բեգլարյանը:

Արդեն երկրորդ օրն է՝ Ադրբեջանի իշխանությունները կեղծ բնապահպանական ցույցերի անվան տակ քաղաքացիական հագուստով մեծաթիվ մարդկանց կողմից փակ են պահում Արցախն աշխարհին կապող միակ ավտոճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Բնապահպան ներկայացող անձինք նստացույց են հայտարարել, վրաններ տեղադրել՝ թույլ չտալով մարդկանց հասնել իրենց բնակավայրեր: Նրանց թիվը գնալով ավելանում է, քանի որ Բաքուն քաղաքացիներ է տեղափոխում ավտոբուսներով:

2 օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է 120 հազար մարդ, ընդ որում՝ 30 հազար երեխա: Մի քանի հազար մարդ չի կարողանում հասնել տուն, նրանք ժամանակավոր տեղավորվել են Գորիսի ու մոտակա համայնքների կացարաններում:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիների կողմից խափանվել է Արցախը սնուցող գազատարի աշխատանքը: Պատկան մարմինների փոխանցմամբ՝ դադարեցվել է դասապրոցեսը դպրոցներում, որոնք ջեռուցվում են գազով:

Հնարավոր չէ կազմակերպել մի շարք ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը Երևանի բուժհաստատություններ, Ստեփանակերտ չի տեղափոխվում դեղորայք, սնունդ: Ու թեև նշվածի պաշարներ դեռևս կան Արցախում, սակայն դրանք կարող են բավարարել կարճ ժամանակ միայն: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում