Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍՆ-ի և «Դասավանդի՛ր, Հայաստանի» միջև՝ դպրոցներում սոցիալ-հոգեբանական աջակցության շրջանակում

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍՆ-ի և «Դասավանդի՛ր, Հայաստանի» միջև՝ դպրոցներում սոցիալ-հոգեբանական աջակցության շրջանակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջև «Հոգեկան առողջություն և սոցիալ-հոգեբանական աջակցություն Հայաստանի դպրոցներում» ծրագրի շրջանակում այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Վիրջինիա Հովհաննիսյանը:

Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկայացուցիչներ նախարարությունից և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամից:

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հոգեկան առողջություն և սոցիալ-հոգեբանական աջակցություն Հայաստանի դպրոցներում» ծրագիրը կյանքի կկոչվի Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներգրավմամբ:

ԿԳՄՍ նախարարը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ երկարամյա համագործակցության շրջանակում կարևորել է նոր՝ սոցիալ-հոգեբանական աջակցության ուղղությամբ ձևավորված փոխգործակցությունը. «Հատկապես այս բարդ օրերում թե՛ դպրոցներում, թե՛ նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեր երեխաներն ունեն նմանօրինակ աջակցության կարիք: Ակնհայտ է՝ հոգեբանական ծառայություններն ուժեղացնելու, ինչպես նաև համակարգի կարողությունների զարգացման անհրաժեշտություն կա: Ծրագրի շրջանակում առաջին հերթին ուշադիր ենք լինելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր երեխաների նկատմամբ, բայց, կարծում եմ, սա շատ ավելի համապարփակ խնդիր է, քանի որ այս իրավիճակն ու մարտահրավերներն ազդում են յուրաքանչյուրիս վրա: Դպրոցներում դրական ու ապահով միջավայր պետք է ապահովվի բոլոր երեխաների և ուսուցիչների համար»:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության ոլորտի ծրագրերի երկարամյա ու մշտական գործընկեր Համաշխարհային բանկի աջակցությունն այս նախաձեռնությանը: Նախարարը համոզմունք է հայտնել՝ ծրագիրը կնպաստի նաև ոլորտի համակարգային զարգացմանը: Նա նաև տեղեկացրել է՝ դպրոցներում սեպտեմբերից պարտադիր է հոգեբանի հաստիքը, գործում են Հանրապետական մանկավարժահոգեբանական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, սակայն մարտահրավերային իրավիճակները պահանջում են նոր ջանքեր, ինչպես նաև վերապատրաստման նոր ծրագրեր՝ այս կառույցների ներգրավմամբ:

«Ծրագրից մեծ ակնկալիքներ ունենք, և հուսով եմ՝ առաջիկայում լավ արդյունքներ կգրանցենք»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Վիրջինիա Հովհաննիսյանի խոսքով՝ կներդնեն բոլոր ջանքերը ծրագրի հաջող իրականացման համար:

«Արդեն 10 տարուց ավելի է՝ աշխատում ենք ոլորտում և մշտապես կարևորել ենք պետության հետ սերտ համագործակցությունը: Համոզված ենք՝ մեր կողմից իրականացվող ծրագրերը պետությունն ավելի լայն մասշտաբներով կարող է ներդնել: Այս դժվարին իրավիճակում վստահ ենք՝ թե՛ ուսուցիչների, թե՛ երեխաների համար նմանօրինակ աջակցությունը կարևոր նշանակություն կունենա ու կծառայի իր նպատակին»,- ասել է Լարիսա Վիրջինիա Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարությանը ցուցաբերած աջակցության համար:

Ծրագրի փորձնական մեկնարկը նախատեսվում է 2024 թվականի ապրիլին, որի ընդհանուր տևողությունը կազմելու է երեք տարի: Ծրագրի փորձնական փուլի հաջողության դեպքում այն կներդրվի հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ ապահովելով դրա հասանելիությունը բոլոր աշակերտների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում