Արցախի նախագահը Ստեփանակերտում 300 բնակարան ունեցող թաղամասի կառուցման ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հուլիսի 13-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցում մոտ 300 բնակարան ունեցող թաղամասի կառուցման ծրագրին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Ծրագրի նախագծահաշվարկային աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ թաղամասը բաղկացած կլինի 7 եւ 9 հարկ ունեցող 6 շենքերից, որոնցից 3-ի նախագծերն ու հողային աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մյուս մասի նախապատրաստական գործընթացն ավարտին կհասցվի մոտակա ամիսներին: Շենքերի կառուցումը կիրականացվի պետական եւ մասնավոր հատվածների համաֆինանսավորմամբ, կապահովվի բնակարանների գների մատչելիության սկզբունքը:
Հանրապետության նախագահը նշել է, որ յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան ծրագրային դրույթը կյանքի կոչելու համար կառավարությունը խրախուսելու է բազմաբնակարան նոր թաղամասերի կառուցումը՝ խստորեն պահպանելով որակի բոլոր չափորոշիչները: Ի թիվս այլ ցուցումների՝ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին մեկ անգամ եւս ուսումնասիրել տարածքի երկրաբանական առանձնահատկությունները, շենքերի սեյսմակայունության ապահովման բոլոր տարբերակները եւ համապատասխան որոշում կայացնելուց հետո միայն սկսել թաղամասի շինարարական աշխատանքները:
Խորհրդակցությանը մասնակցում էին քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Կարծիքներ