Forbes-ը հրապարակել է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների վարկանիշը

Forbes-ը հրապարակել է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների վարկանիշը

Forbes հանդեսը հրապարակել է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների վարկանիշը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ցուցակում տեղ են գտել Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների երկրորդ սերնդի 50 ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ նրանք ժառանգում են գրեթե 300 մլրդ դոլար:

Այս տարի վարկանիշում երեք նոր մասնակից կա. Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի (վեցերորդ տեղ) դուստրը և որդին: Նաև նորերից մեկը դարձել է «Ռուսաստան» բանկի և «Սոգազ» ապահովագրական ընկերության խոշորագույն բաժնետեր Յուրի Կովալչուկի որդին՝ Բորիսը (3,3 մլրդ դոլար): Նա զբաղեցրել է ցուցակի 18-րդ հորիզոնականը:

Վարկանիշը կրկին գլխավորել է «ԼՈւԿօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովի միակ որդին՝ Յուսուֆը (մեկ երեխայի բաժինը՝ 24 մլրդ դոլար): Նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 0,2 տոկոսը, փաթեթն արժե 115 մլն դոլար: Նրա «Էկտո» հոլդինգի մեջ մտնում է չորս ընկերություն:

Երկրորդ տեղում «Նովատեկ» և «Սիբուր» ընկերությունների հիմնական սեփականատեր Լեոնիդ Միխելսոնի դուստրն ու որդին են: Վիկտորյա Միխելսոնի մասին հայտնի է, որ 2016 թվականից նա New Museum-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ապրում է Ցյուրիխում:

Նշվում է, որ նրան նաև պատկանում է մշակույթի և արվեստի աջակցության համար նպատակային կապիտալի «Տարածության ընդլայնում» մասնագիտացված հիմնադրամը: Նրա խորթ եղբոր մասին հաղորդվում է միայն այն, որ նա ապրում է Մոսկվայում: Ժառանգության մեջ մեկ երեխայի բաժինը կազմում է 12,5 մլրդ դոլար:

Forbes-ի վարկանիշի երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ջահանգիր Մահմուդովը (բաժինը՝ 9,7 մլրդ դոլար)՝ Ուրալի լեռնամետալուրգիական ընկերության (ՈւԼՄԸ) հիմնական բաժնետիրոջ որդին՝ Իսկանդեր Մահմուդովը: Նա չորս տարի առևտրային և ֆինանսական հարցերի գծով տնօրեն է աշխատել Չելյաբինսկի ցինկի գործարանում, որը պատկանում է խմբին:

2018 թվականի վերջից նա դարձել է գործնականում «Ինֆրամայն» ընկերության միանձնյա սեփականատեր, որը թվային լուծումներ է մշակում մետալուրգիական, ածխային և քիմիական արդյունաբերության համար:

Ցուցակի չորրորդ դիրքում տեղ են գտել Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինի երեք զավակները: Նրանցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 9,5 մլրդ դոլար ժառանգություն:

Forbes-ի ցուցակի թոփ-5-ը եզրափակում են «Եվրոխիմ» և Սիբիրի ածխային էներգետիկական ընկերությունների սեփականատեր Անդրեյ Մելնիչենկոյի երեխաները: Ինչպես նշվում է, նա ունի երկու զավակ՝ իննամյա Տարան և չորսամյա Ադրիանը:

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի դուստրը և որդին (յուրաքանչյուր երեխային 8,6 մլրդ դոլար), ինչպես նշվել է, զբաղեցրել են վեցերորդ դիրքը:

Վարկանիշի յոթերորդ հորիզոնականում, ինչպես և անցյալ տարի, Volga Group ներդրումային խմբի սեփականատեր Գենադի Տիմչենկոյի երեք երեխաներն են՝ Նատալյա, Կսենյա Ֆրանկները և Իվան Տիմչենկոն՝ (7,35-ական մլրդ դոլար):

Վեցերորդից ութերորդ դիրք է տեղափոխվել ՈւԼՄԿ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզիցինի դուստրը՝ Մարիան: Նա կարող է ստանալ 6,2 մլրդ դոլար ժառանգություն:

Վարկանիշի իններորդ հորիզոնականում Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վիկտոր Ռաշնիկովի երկու դուստրերն են՝ Տատյանան և Օլգան: Յուրաքանչյուրի բաժինը 6,25 մլրդ դոլար է:

Տասներորդ տեղում «ԼՈՒԿօյլ»-ի բաժնետեր Լեոնիդ Ֆեդունի երկու զավակներն են: Նրանցից յուրաքանչյուրը կարող է ժառանգություն ստանալ 5,4 մլրդ դոլար: Անտոնը Լոնդոնի The Ampersand և Vintry & Mercer հյուրանոցների և հինգ ռեստորանների սեփականատեր է: Նրա քույրը՝ Եկատերինան, նույնպես ապրում է Լոնդոնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում