Բուժման նպատակով ՀՀ մեկնելիս ԿԽՄԿ մեքենայից այսօր առևանգած ԼՂ քաղաքացուն Ադրբեջանը կալանավորել և մեղադրանք է առաջադրել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է այսօր իր կողմից ԿԽՄԿ մեքենայից առևանգված բուժման նպատակով ԼՂ-ից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։
Ըստ աղբյուրի, ԼՂ քաղաքացին մեղադրվում է հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին իբր մասնակցել է Խոջալուի շրջանում ադրբեջանցիների դեմ «հանցագործություններին»։
«2013 թվականի նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել Խաչատուրյանին Վագիֆ Չերքեզովիչին որպես մեղադրյալ ներգրավել ԱՀ ՔՕ 103 (ցեղասպանություն) և 107 (բնակչության բռնի տեղահանում կամ տեղափոխում) հոդվածներով, սակայն նրա գտնվելու վայրը չի հաղորդվել։ Դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ միջազգային հետախուզման հայտարարությամբ։
Կատարված որոնողական աշխատանքների արդյունքում 2023 թվականի հուլիսի 29-ին Վագիֆ Խաչատուրյանը ադրբեջանա-հայկական պետական սահմանի Լաչինի սահմանային անցակետից բերման է ենթարկվել պետական սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մեկնելիս։
Վագիֆ Խաչատուրյանը կտեղավորվի Բաքվի բժշկական հաստատությունում, կտրամադրվի անհրաժեշտ բուժօգնություն, ինչպես նաև պայմաններ կստեղծվեն ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից նրան այցելելու համար։
Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ քրեական գործով մյուս մեղադրյալներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանն արգելանքի էր վերցրել ու անհայտ ուղղությամբ տարել բուժման նպատակով Կարմիր Խաչի միջոցով այսօր ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող արցախի 68-ամյա քաղաքացուն։
Կարծիքներ