Ի հեճուկս ՀՀ Կառավարության և միջազգային հանրության ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում. Փաշինյան

Ի հեճուկս ՀՀ Կառավարության և միջազգային հանրության ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում. Փաշինյան

«Ի հեճուկս ՀՀ Կառավարության և միջազգային հանրության գործադրած ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում: Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների գործադրումը՝ միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները»,- Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

«Որպես այդպիսին՝ ուզում եմ կրկին նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, օրինակ՝ ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանը մինչև օրս չի արձագանքել այս կոչին, մինչդեռ Հայաստանը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի սկսելու բանակցային գործընթացը առաջարկվող ֆորմատով: Մենք արտահայտել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ երկխոսության մեջ լինելու մեր պատրաստակամությունը»,- ասաց Փաշինյանը:

Այդուհանդերձ, Փաշինյանի խոսքով, Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ ու գործողություններով վարկաբեկելով նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում