Պատերազմին մասնակցած երիտասարդների մուտքն աշխատաշուկա կհեշտացվի.նախատեսվում են ուսուցման դասընթացներ
Մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում՝ մարմնական վնասվածքներ ստացած 18-30 տարեկան երիտասարդները վերապատրտասվելու և աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հնարավորություն կունենան: «Նոր էջ» ծրագիրը նախաձեռնել և մշակել է «Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիա»-ն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արփի Կարապետյանը նշեց, որ գաղափարն առաջացավ դեռ պատերազմի ընթացքում:
«Այս ընթացքում ընտրվեց երկու կարևոր սեգմենտ: Մենք աշխատանք տարանք արցախցի երիտասարդների հետ, որոնք ժամանակավոր Հայաստանում էին: Մասնավորապես, բարձր դասարանի աշակերտների շրջանում իրականացրինք մասնագիտական կողմնորոշման ծրագիր: Հիմա ընտրել ենք երկրորդ սեգմենտը՝ այն երիտասարդներին, որոնք մասնակցել են մարտական գործողություններին: Նախաձեռնության շրջանակում փորձելու ենք հասկանալ երիտասարդների գիտելիքներն ու հմտությունները, կարողությունները, ցանկություններն ու հետաքրքրությունները, մասնագիտական ուղին, մյուս կողմից էլ հասկանանք, թե գործատուներն ինչ մասնագետների կարիք ունեն և այդ թափուր աշխատատեղերի պահանջներին համապատասխան իրականացնենք ուսուցման և զարգացման դասընթացներ՝ առաջիկա կես տարում ընկերությանն անհրաժեշտ կադրերի համալրումն ապահովելու նպատակով»,-ասաց Արփի Կարապետյանը:
Մարտական գործողություններին մասնակցած երիտասարդների շրջանում կարիքների գնահատումից հետո կսկսվեն վերապատրաստման, հմտությունների ու կարողությունների զարգացման աշխատանքներ: Արփի Կարապետյանը նշեց, որ կարիքների գնահատումից հետո կարող են հստակ ասել, թե որ ուղղություններով դասընթացներ կիրականացվեն: Ամեն դեպքում դասընթացները բազմաշերտ են լինելու՝ սկսած վարպետաց դասերից մինչև մասնագիտական դասընթացներ: Արփի Կարապետյանը հավելեց, որ այս պահի դրությամբ ծրագրին միանալու ցանկություն են հայտնել մի շարք դասավանդողներ՝ արվեստի, արհեստների, մարքեթինգի, տեղեկտվական տեխնոլոգիաների և այլ բնագավառներից: Դասընթացները և զարգացման ծրագրերը կազմվելու և մշակվելու են մասնակիցների և գործատուների պահանջները համապատասխանեցնելով:
Այս պահին 400-ից ավելի երիտասարդ արդեն գրանցվել է: Ծրագրում նախատեսվում է ներառել 1000 երիտասարդի, սակայն եթե դիմորդների թիվն ավելին լինի, ապա ասոցիացիան կփորձի հնարավորության սահմաններում աջակցել:
Տվյալների բազայի հավաքագրումը երեք ուղղությամբ է ընթանում, առաջինը թիրախային շուկան է՝ մարտական գործողություններին մասնակցած երիտասրադները, երկրորդը գործատուներն են, որոնք միանում են նախաձեռնությանը և երրորդը նրանք են, որոնք պատրաստ են նպաստել երիտասարդների զարգացմանը՝ վարպետներ, մենթորներ և թրեյներներ:
«Մարտի վերջին հստակ գործողությունների պլան կունենանք՝ հասկանալու, թե ինչ դասընթացներ կլինեն: Այն մասնակիցները, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել, դեռ բուժում են ստանում և չեն կարող անմիջական մասնակցություն ունենալ, ապա իրենց համար կկազմակերպվեն հեռավար դասընթացներ»,-ասաց ասոցիացիայի նախագահը:
Ծրագրին ցանկացողները, որպես մասնակից, կարող են գրանցվել հետևյալ հասցեով՝ https://hrcommunity.am/hy/nor-ej-masnakic/: Հինգ օրվա ընթացքում ասոցիացիան կապ կհաստատի դիմողի հետ, առաջարկված հարցաթերթիկները լրացնելուց, կարիքները գնահատելուց հետո կմշակվեն ուսուցման և զարգացման ծրագրեր ու կներկայացվեն շահառուին: «Նոր էջ» ծրագրի կարևորագույն նպատակներից է պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների սոցիալական ինտեգրացիան։ Ծրագիրն անվճար է բոլոր շահառուների համար: Նախաձեռնությանը, որպես գործընկեր կարող են միանալ հետևյալ հասցեով՝ https://hrcommunity.am/hy/nor-ej-gortsatu/, որպես թրեյներ/մենթոր/վարպետ այս հասցեով՝ https://hrcommunity.am/hy/nor-ej-trainer/ :
Աննա Գզիրյան
Կարծիքներ