Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից հետաքրքրվել է, թե ինչու են տեղական շուկայում բարձրացել մի շարք գյուղմթերքների գները, այն դեպքում, երբ իշխանությունները խոսում են արտահանման հետ կապված խնդիրների մասին։

Վարչապետի խոսքով՝ սպառողական շուկայում նկատվում է ելակի, կեռասի, ծիրանի և այլ մթերքների գների զգալի աճ։

«Սա ի՞նչ է նշանակում, պարո՛ն Պապոյան»,- դիմելով նախարարին՝ հարցրել է Փաշինյանը։

Ի պատասխան՝ Գևորգ Պապոյանը ներկայացրել է արտահանման ցուցանիշներ՝ նշելով տարբեր մթերքների արտահանված ծավալները։ Սակայն վարչապետը նկատել է, որ այդ տվյալները չեն պարզաբանում գների բարձրացման պատճառները։

Անդրադառնալով թանկացումների թեմային՝ նախարարը նշել է, որ վերջին շրջանում էժանացել են միայն ծաղիկն ու լոլիկը, մինչդեռ մյուս ապրանքների գները հիմնականում պահպանվել են նույն մակարդակում։

Վարչապետը տարակուսանք է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ կառավարությունը ջերմոցային տնտեսություններին աջակցելու նպատակով թեթևացրել է նրանց հիմնական ծախսային բեռը։

«Խոսքը ջերմոցային լոլիկի մասին է, հողինը դեռ չկա, նույնը՝ ելակի դեպքում։ Մենք ջերմոցատերերին ազատել ենք երկու հիմնական հոգսից՝ ընթացիկ ծախսերը նվազեցնելու համար։ Կարծում եմ՝ նախկին մտավախություններն այլևս չպետք է լինեն։ Մենք խրախուսում ենք բիզնեսին, և ցանկացած սցենարի դեպքում արդյունքը պետք է դրական լինի։ Բացի այդ, ի հայտ են եկել նոր ուղիներ և երթուղիներ, քանակական սահմանափակումներ չկան, պարզապես պետք է մտնել գործընթացի մեջ»,- ասել է Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում