Կրեմլում Իսրայելի ափերին ամերիկյան ռազմանավերի մոտեցումը որակել են որպես «երրորդ ուժերի միջամտության ռիսկ»
Կրեմլում մտահոգված են Իսրայելում հակամարտության սրմամբ և համարում են, որ առկա է այդ հակամարտությունում երրորդ ուժերի միջամտության ռիսկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ամերիկյան ռազմածովային նավատորմի մոտեցումն Իսրայելի ափերին։
«Իրավիճակն, իսկապես, մեր խորը մտահոգությունն է առաջացնում, մենք շատ ուշադիր հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում այնտեղ։ Առայժմ մենք տեսնում ենք, որ իրավիճակը զարգանում է սովորական սրման ճանապարհով, երրորդ ուժերի ներգրավման մեծ վտանգ կա», - Պեսկովի խոսքերն է վկայակոչում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Կրեմլի խոսնակը կարևոր է համարել իրավիճակի լուծման բանակցային տարբերակներ գտնելը։
Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Իսրայելի ափերին կմոտեցնի ռազմանավեր, ինչպես նաև «Ջերալդ Ռ․ Ֆորդ» ավիակիր նավը, որպեսզի ցույց տա իր աջակցությունն այդ երկրին։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Վաշինգտոնը նաև կմեծացնի ռազմական աջակցությունը և զինամթերք կտրամադրի Իսրայելին։
Al Jazeera-ի հաղորդմամբ՝ ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ հայտարարությունը որակել է որպես «ագրեսիա» պաղեստինցիների դեմ։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժման կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել՝ մեծամասշտաբ հարձակում սկսելով։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։ Իսրայելը հայտարարել է, որ վերականգնել է վերահսկողությունը Գազայի հետ սահմանին գտնվող բոլոր բնակավայրերի վրա։
Ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 550-ի։
Կարծիքներ