Հաշմանդամություն ունեցող անձինք կաջակցեն շենքերի մատչելիության խնդրի լուծմանը

Հաշմանդամություն ունեցող անձինք կաջակցեն շենքերի մատչելիության խնդրի լուծմանը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ կարևորագույն նշանակության շենքերը մատչելի դարձնելու ՀՀ Կառավարության որոշումն իրագործելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամների հետ։

Հասարակական 14 կազմակերպությունից և 5 անդամից բաղկացած կոալիցիայի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ նախատեսվում է հստակեցնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները՝ արդյունավետ իրականացնելու համար ցանկում ընդգրկված շենքերն անհրաժեշտ նախագծային լուծումներով համալրելու գործընթացը:

Կոալիցիայի ներկայացուցիչները ողջունել են կոմիտեի նախաձեռնությունը՝ ընդգծելով շահառուների խմբի հետ համագործակցությունն աշխատանքների մեկնարկային փուլում սկսելու կարևորությունը: Նրանք առաջարկել են Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի աջակցությամբ ծրագրում ներգրավել նաև միջազգային փորձագետի: Հանդիպման ժամանակ որոշվել է, որ կոալիցիան կխմբավորի տեսողության, լսողության, ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող անձանց կարիքներն ու կաջակցի նաև անհրաժեշտ տեխնիկական միջոցների նկարագրության տրամադրմամբ:

Քննարկման մասնակիցների հետ դիտարկվել է նաև կոմիտեի մշակած ձևաթուղթը, որի համաձայն համապատասխան գերատեսչությունները ներկայացնելու են շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ նախնական տեղեկատվություն։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանն առաջարկել է ցանկում նշված շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման ժամանակ աշխատանքային խմբում ընդգրկել կոալիցիայի անդամներին՝ հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար լավագույն լուծումները գտնելու նպատակով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում