Չինաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են խուսափել կոնֆլիկտներից
Ալյասկայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով Չինաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են խուսափել չհասկացվածությունից և կոնֆլիկտներից։Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով չինական կողմի հայտարարությանը։
Չին-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի, ինչպես նաև Չինաստանի ԱԳ նախարար Վան ԻԻ և Կոմկուսի արտաքին հարցերով հանձնաժողովի ղեկավար Յան Ցզեչիի մասնակցությամբ, անցկացվել է մարտի 18-19-ը, Անքորիջում։
Կողմերը պայմանավորվել են պահպանել երկխոսություն և շփումներ, զարգացնել փոխշահավետ համագործակցությունը, կանխել թյուրըմբռնումն ու սխալ դատողությունները, խուսափել կոնֆլիկտներից և առճակատումից, նպաստել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների առողջ և կայուն զարգացմանը։ Կողմերը բարձր մակարդակով ռազմավարական երկխոսության շարունակման հույս են հայտնել։
Քննարկվել են նաև առևտրատնտեսական, առողջապահական ոլորտներին, կիբերանվտանգությանը, կլիմայի փոփոխությանը, բանակին, իրանական միջուկային խնդրին, Աֆղանստանում, Կորեական թերակղզում և Մյանմայում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ամրապնդել խորհրդակցություններն ու համակարգման աշխատանքներն այդ հարցերում և բազմակողմ ձևաչափերում, ներառյալ G20-ում և Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում։
Կարծիքներ