Ֆրիդա Կալոյի ինքնանկարը վաճառվել է մոտ 35 մլն դոլարով
Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի (1907-1954) «Դիեգոն եւ ես» ինքնանկարը երեքշաբթի օրը Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է 34.8 միլիոն դոլարով, ինչը ռեկորդային գումար է լատինաամերիկյան նկարիչների աշխատանքների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա կողմից 1949 թվականի հունիսին ստեղծված աշխատանքը պատկերում է նկարչուհուն` ճակատին ամուսնու եւ գործընկերոջ՝ Դիեգո Ռիվերայի (1886-1957 թթ.) հետ, ընդ որում, վերջինիս ճակատին երրորդ աչք կա։ Դիմանկարի վերին աջ անկյունում, որի չափերը 30 x 22.4 սմ են, ստեղծման տարեթիվը եւ նկարի անվանումն է։
Ինչպես նշում է աճուրդի տունը, ինքնանկարները զբաղեցնում են նրա ստեղծագործության զգալի մասը՝ բոլոր հայտնի կտավների մեկ երրորդը։ Այդ հանգամանքի վրա կարող էր ազդել Կալոյի հայրը, ով ճանաչված լուսանկարիչ էր, հաճախ ֆոտոնկարահանումներ էր կազմակերպում դստեր համար եւ սովորեցնում լուսանկարվել: «Դիեգոն եւ ես» կտավը պատկանում է Կալոյի ստեղծագործության ուշ շրջանին եւ արտացոլում է նրա անվերապահ սերն այն մարդու հանդեպ, ով երկու տասնամյակ եղել էր նրա կյանքում:
Աշխատանքն ի սկզբանե գնել են նկարչուհու ընկերները՝ արմատներով ռուս ամերիկացի լուսանկարիչ Ֆլորենս Արկինը եւ նրա ամուսին Սեմ Ուիլյամսը, նկարի հետեւի մասում «Սիրով Ֆլորենսին եւ Սեմին` Ֆրիդայից» մակագրությունն է։ Վերջին աճուրդից առաջ կտավը գտնվում էր մասնավոր հավաքածուում, տարիների ընթացքում աշխատանքը շրջել է Կալոյի` Մադրիդում, Ֆրանկֆուրտում, Դալասում եւ Մեխիկոյում կայացած ցուցահանդեսներում:
Կարծիքներ