Սեյրան Օհանյանի կողմից կամ նրա ցուցումով ապօրինաբար զավթվել է Սևանա լճի ափամերձ ավելի քան 1 հեկտար մակերեսով հողամաս. դատախազ. տեսանյութ
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ապօրինի գույքի գործով նիստը։
Դատախազը, ներկայացնելով հայցը, նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ի դեմս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության, դատարանին խնդրում է Սեյրան Օհանյանից և Ռուզաննա Խաչատրյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝ Լեքսուս LX 570 մակնիշի 2009 թվականի արտադրության ավտոմեքենան, անհնարինության դեպքում դրա միջին շուկայական արժեքը, Աննա Բադալյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 98 շենքի 21/1 տարածքի և Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 98 շենքի 29 շինության համապատասխան մասերը և անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքները։
«Մյուս կետով դատախազությունը խնդրում է Ժակ Պիեռ Ֆոգոյից բռնագանձել օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող Երևան քաղաքի Վահագնի թաղամասի Քուչակի 2 հասցեում գտնվող բնակելի տան համապատասխան տոկոսը և անհնարինությaն դեպքում դրա միջին շուկայական արժեքը, բացի դրանից, Սեյրան Օհանյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 477 միլիոն 473 907 ՀՀ դրամ՝ որպես 2018-2019 թվականների ընթացքում պարտատոմսերի մարումից և 2021 թվականի ընթացքում Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 98 շենքի թիվ 3-4 և 7 բնակարանների վաճառքից գոյացած գումարների ապօրինի ծագում ունեցող և չծախսված մաս, ինչպես նաև 600 միլիոն 762 հազար 179 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2008-2018 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների և հնարավոր չէ նույնականացնել։ Բացի դրանից, ներկայացված հայցով դատախազությունը խնդրում է հայցադիմումի դրամական պահանջը բավարարել ինչպես Սեյրան Օհանյանին պատկանող, այնպես էլ այլ անձանց անվամբ գրանցված, սակայն օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող ակտիվների հաշվին, այդ թվում՝ Աննա Բադալյանի անվամբ գրանցված Երևան քաղաքի Նալբանդայն փողոցի 98 շենքի 28/1 տարածքի և նույն շենքի 29 շինության օրինական եկամուտներով հնիմնավորվող մասի, Ժակ Պիեռ Ֆոգոյի անվամբ գրանցված Երևան քաղաքի Վահագնի թաղամասի Քուչակի 2 հասցեում գտնվող տան նորից օրինական եկամուտներով հիմնավորվող մասի և Բենիամին Ղալեչյանի անվամբ գրանցված Գեղարքունքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեով գույքի կառուցապատման իրավունքի հաշվին»,- ասաց դատախազը։
Վերջինս նաև նշեց, որ Սեյրան Օհանյանի կողմից 2009 թվականին ներկայացված հայտարարագրում հայտարարագրվել է նվիրատվություն կնոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին, 34 միլիոն 770 հազար դրամի չափով, իսկ վերջինիս կողմից հայտարարագրվել է նշված գումարով «Լեքսուս» ավտոմեքենայի ձեռք բերում, ինչը, սակայն, չի համապատասխանում Ճանապարհային ոստիկանությունից ստացված տվյալներին։ Նշված տվյալների համաձայն՝ «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենա Ռուզաննա Խաչատրյանի անվամբ հաշվառվել է 2011 թվականի հոկտեմբերի 3-ին, ուստի այդ տվյալներն ուսումնասիրության շրջանակներում հիմք է ընդունվել։
Դատախազաի խոսքով՝ 2011 թվականին նշյալ ավտոմեքենայի համար Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված վճարումը չի գտնվել վերջինիս բանկային քաղվածքներում, և քանի որ փաստացի վճարումը ուսումնասիրության շրջանակներում չի պարզվել, այդ վճարման փաստը իրենք չեն տեսել, հիմք է ընդունվել հայտարարագրված 34 միլիոն 770 հազար դրամը։
Բացի դրանից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սևանա լճի ափին, Դրախտիկ համայնքի վարչական տարածքում Սեյրան Օհանյանն ունի ամառանոց, որը հաշվառված է ոմն Բենիամին Ղալեչյանի անվամբ: Վերջինս Արթուր Առաքելյանի ազգականն է, այն նույն Արթուր Առաքելյանի, ում անվամբ ձեռք էին բերվել Նալբանդյան փողոցի գույքերը՝ 1,8 միլիոն դոլարով, այնուհետև դրանից մի քանի անգամ ավելի էժան գնով օտարվել էին Ռուզաննա Խաչատրյանի քրոջ աղջկան։
«Կադաստրի կոմիտեից և քննչական վարչությունից ստացված տվյալներով պարզվել է հետևյալը՝ Սեյրան Օհանյանի կողմից կամ նրա ցուցումով դեռևս 2010 թվականին ապօրինաբար զավթվել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի վարչական տարածքում գտնվող և Սևան ազգային պարկի հաշվեկշռում գրանցված Սևանա լճի ափամերձ ավելի քան 1 հեկտար մակերեսով հողամասը։ Նշված հողամասը 2010-2011 թվականների ընթացքում առանց շինարարական թույլտվության կառուցապատվել է, նախ ամբողջությամբ պարսպապատվել է, հետո արդեն կառուցվել են տունը, լողավազանը՝ շինությունով, և ևս մեկ օժանդակ շինություն։ Աշխատանքները կատարվել են Սեյրան Օհանյանի ֆինանսավորմամբ և կազմակերպվել են վերջինիս մերձավոր անձանց միջոցով ու նրա անմիջական վերահսկողությամբ»,-ասաց դատախազը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարծիքներ