ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի կկարողանան այցելել ԱՄԷ
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստում hարցը ընդգրկված էր օրակարգի չզեկուցվող նախագծերի մեջ։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դեռևս 2017 թվականին մեկնարկել էր Էմիրությունների հետ մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2017թ. հունվարի 19-ի թիվ 24-Ա որոշմամբ համաձայնություն էր տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին Համաձայնագրի կնքման առաջարկությանը, որից հետո, սակայն, գործընթացը կանգ էր առել:
Այժմ գործընթացը վերսկսվել է և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին 2009 թվականի հունիսի 21-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրում լրացումներ կատարելու մասին» Արձանագրության ստորագրման արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԱՄԷ՝ խթանելով առաջին հերթին զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։ Մուտքի արտոնագրի պահանջից ազատումը ամուր հիմք կստեղծի գործարար և տնտեսական կապերի աշխուժացման համար, ինչն իր հերթին կնպաստի ներդրումային և տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Նշյալ հուշագրում լրացումներ կատարելու մասին արձանագրության ստորագրումը զարկ կտա միջմարդկային շփումներին ու միջմշակութային կապերին՝ նպաստելով երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերին ստորագրվել է «ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Այս երկու փաստաթղերի արդյունավետ կիրարկումը կշահագրգռի էմիրաթցի գործատուներին իրենց գործունեության ոլորտում ավելի մեծ թվով ՀՀ քաղաքացիներ ներգրավել։
Ելնելով վերոգրյալից և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի հիմքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին 2009 թվականի հունիսի 21-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրում լրացումներ կատարելու մասին» Արձանագրության ստորագրումը։
Կարծիքներ