Ոսկերչությունը ՀՀ կառավարության գերակա ոլորտներից է. Վահան Քերոբյանը մասնակցել է Երևանի ոսկերչական ֆաբրիկայի բացմանը
Մարտի 25-ին տեղի է ունեցել Երևանի ոսկերչական ֆաբրիկայի և Երևան տոնավաճառի նոր մասնաշենքի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքը:
Ողջույնի խոսքում Վահան Քերոբյանը մասնավորապես ասել է․ «Ուրախ եմ, որ այսօր միասին գտնվում ենք Երևանի ոսկերչական գործարանի բացման արարողությանը։ Գործարանը լավագույն տեխնոլոգիաներով հագեցած բարձր արտադրողականությամբ ընկերություն է։ Գործարանի հիմնադիրներ Հրաչ և Սերգեյ Ավագյանների կողմից ստեղծած «Ադամանտ» ապրանքանիշը մեծ համբավ ունի, և մենք ուրախ ենք, որ արտաքին շուկաներում գրանցած հաջողություններից հետո, իրենք մեծ ներդրում են անում նաև Հայրենիքում։ Նրանց և Սուքիասյանների ընտանիքի այս համատեղ նախաձեռնությունը, վստահ եմ, շատ կարճ ժամանակում էականորեն կավելացնի պատրաստի ոսկերչական իրերի արտահանման ծավալները և տեղական շուկայում էապես կնվազեցնի ներմուծված ապրանքի մասնաբաժինը։ Առանձնակի ոգևորիչ է այն, որ գործարանում առկա են տարածաշրջանի համար բացառիկ տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ ռոդիումի սուլֆատի սինթեզը, որը թույլ է տալիս արտադրել բարձրակարգ ոսկերչական իրեր»։
«Ոսկերչությունն, ինչպես գիտեք, կառավարության գերակա ոլորտներից մեկն է, և մենք պլանավորում ենք ոլորտին լայնամասշտաբ օժանդակություն ցուցաբերել, որպեսզի մեր երկրին վերադարձնենք ոսկերչական խոշոր արտադրողի երբեմնի համբավը։ Մաղթում եմ լավ ընթացք և վստահ եմ, որ միասին կկարողանանք ստեղծել մեծ պատմություն մեր հայրենիքում», - իր խոսքն ավարտել է էկոնոմիկայի նախարարը։
Գործարանի համահիմնադիր Հրաչ Ավագյանը նշել է, որ էկոնոմիկայի զարգացումը անհնար է պատկերացնել առանց նորագույն մեքենասարքավորումների, նորագույն տեխնոլոգիաների ներդրման և ավելացրել, որ այս գործարանում ներդրել են վերջին սերնդի բոլոր մեքենասարքավորումները, որոնք օգտագործվում են ոսկերչական արտադրության մեջ։
«Սիլ կապիտալ» ՍՊԸ խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանն էլ ավելացրել է, որ ամեն ինչ հնարավոր է դարձել թիմային աշխատանքի արդյունքում։Նշելով, որ Երևան տոնավաճառի նոր մասնաշենքը 16 հազար քառակուսի մետր տարածք է զբաղեցնում, նա հավելել է, որ իրենք պատրաստվում են հանդես գալ նոր նախաձեռնություններով։
Պաշտոնական արարողությունից հետո նախարարը և միջոցառման մասնակիցները շրջել են նոր գործարանի արտադրամասերում, ծանոթացել ոսկերչական իրերի ստացման գործընթացին՝ սկզբից մինչև պատրաստի արտադրանքը։
Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ու Երևան տոնավաճառի նոր մասնաշենքի գործարկման արդյունքում կստեղծվի ավելի քան 500 նոր աշխատատեղ։
Երևանի ոսկերչական ֆաբրիկան իրականացնում է ոսկերչական արդյունաբերության բոլոր ցիկլերը։ Գործարանի արտադրանքը բոլոր չափանիշներով համապատասխանում է լավագույն միջազգային ստանդարտներին։ Ֆաբրիկայի գործունեության հիմնական երեք ոլորտներն են՝ աֆինաժ՝ ոսկու զտում, գալվանական լուծույթների արտադրություն, ոսկուց և արծաթից ոսկերչական իրերի արտադրություն։
Ֆաբրիկայի ստեղծման համար կատարված միայն ֆինանսական ներդրումները համարժեք են 25,000,000 ԱՄՆ դոլարին։ Ներդրվել են մինչև այժմ Հայաստանում կիրառություն չունեցող առաջավոր տեխնոլոգիական ցիկլեր ու կարողություններ։ Նկատելի ներդրումներ են արվել նաև մարդկային կապիտալի զարգացման մեջ։ Մասնագետները վերապատրաստվել են մի շարք եվրոպական երկրներում։ Աշխատանքի առաջին փուլում ձեռնարկությունում ներգրավվելու է շուրջ 350 աշխատակից, ներկայումս այստեղ ներգրավված է 135 աշխատակից։
Երևան տոնավաճառի չինական ճարտարապետության ոճով կառուցված մասնաշենքը ոչ միայն նոր տեսարժան վայր է Երևան քաղաքի համար, այլ մասնագիտացված շուկա է՝ նախատեսված 100 նոր տնտեսավարողների համար, որտեղ 16000 քմ տարածքում ներկայացված կլինի շինանյութի, կահույքի և կենցաղային տեխնիկայի լայն տեսականի։ Նոր մասնաշենքը հագեցած է առևտրի կազմակերպման բոլոր պայմաններով, լուսավորության ու օդափոխության ժամանակակից համակարգերով։
Կարծիքներ