Չի եղել քաղաքական կամ անձնական ճնշում իմ գործունեության նկատմամբ․ Հարությունյանը վայր է դնում ավագանու մանդատը
Երևանի ավագանու անդամ, «Հանրային Ձայն» կուսակցության նախկին անդամ Գրիգոր Հարությունյանը հայտնել է, որ վայր է դնում մանդատը։
Նա տեղեկացրել է, որ այդ որոշումը վերջնական է դարձել այսօր՝ դեկտեմբերի 24-ին:
«Արդեն տեւական ժամանակ է, ինչ ես որոշել էի հրաժարվել ավագանու իմ մանդատից, որը ձեռք էր բերվել 2023 թ. Երեւան քաղաքի ՏԻՄ ընտրությունների ժամանակ։
Այսօր ահա հասունացավ այդ պահը, եւ որոշումս դարձավ վերջնական։
Նշեմ, որ մանդատս ձեռք եմ բերել «Հանրային Ձայն» կուսակցության ցուցակով, այդ ժամանակ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հրավերով։
Վերջին ամիսներին (մոտ 5-6) գործել եմ բացառապես անկախ, չի եղել որեւէ քաղաքական կամ անձնական ճնշումներ իմ գործունեության եւ քվորումների վրա:
Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Վարդան Ղուկասյանին, վստահության եւ նախընտրական ցուցակ հրավիրելու համար, եւ բոլոր այն մարդկանց, ում հետ այս մեկ տարին աշխատել ու համագործակցել եմ։
Կշարունակե՞մ արդյոք հետագա քաղաքական գործունեությունս, թե՞ ոչ, դրա մասին կհայտարարվի ապագայում, իսկ այսքանով ցանկանում եմ բոլորին մաղթել ամենայն լավն ու բարին, եւ թող յուրաքանչյուրը ծառայի ու արարի հանուն իր երկրի, հանուն իր քաղաքացու եւ հանուն ապագայի հզոր հայրենիքի»,- գրել է նա։
Կարծիքներ