Խստորեն կրկնում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. ԵԽ գլխավոր քարտուղար
«Ես չափազանց մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված լուրջ իրավիճակով, և իմ մտքերն այն մարդկանց հետ են, ովքեր կրում են այս իրավիճակի ծանրությունը:
Խստորեն կրկնում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ուշադրություն եմ հրավիրում յոթ ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված միջանկյալ միջոցների վրա»:
Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը վերահաստատելով է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու իր կոչը:
Ըստ Եվրոպայի խորհրդի տարածած հայտարարության, ավելի վաղ ԵԽ գլխավոր քարտուղարը Երևանին ու Բաքվին «իրական երկխոսության» կոչ էր արել ՝ միջանցքով անվտանգ անցումն ապահովելու նպատակով։
«Ես նաև կոչ եմ անում երկու կողմերին իրական երկխոսության մեջ մտնել՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ անցումն արագ ապահովելու նպատակով։ Այս երկխոսությունը պետք է նաև հանգեցնի լարվածության թուլացմանը և խաղաղության վերականգնմանը՝ նաև համապատասխան այն պարտավորությունների, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ստանձնել են ավելի քան 23 տարի առաջ Եվրոպայի խորհրդին անդամակցելիս», - խոսքը եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը։
Կարծիքներ