Նոր Սահմանադրության ընդունման համատեքստում պետք է քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը. վարչապետ

Առաջիկայում նոր Սահմանադրության ընդունման համատեքստում լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը:
Այս մասին Ազգային ժողովի՝ կառավարության գործունեության 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես գիտեմ ու հարգում եմ բոլոր այն փաստարկները, թե փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, խնամի-ծանոթ-բարեկամ կապերը շատ ուժեղ են, երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման պարագայում մենք կարող ենք կանգնել արդարադատության չիրականացման պրոբլեմի առաջ: Բայց նախ մենք այսօր էլ ենք կանգնած այդ պրոբլեմի առաջ, և բացի դրանից՝ խնամի-ծանոթ-բարեկամ կապերը ինչպես և որքան կգործեն երդվյալ ատենակալների դեպքում, նույնքան գործում են այսօր օպերատիվ աշխատողի, քննիչի, դատախազի, դատավորի դեպքում:
Ինչո՞ւ ուրեմն չենք հրաժարվում այդ ինստիտուտներից՝ ասելով, թե քանի որ Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամ կապերն ուժեղ են, եկեք դատավոր, դատախազ, քննիչ, օպերատիվ աշխատող չունենանք»,- ասել է նա:
Փաշինյանի խոսքով՝ այդ նույն մարդկանց հնարավոր է վստահել նաև որպես երդվյալ ատենակալների, և այս պարագայում արդարադատությունն ինչպիսին էլ լինի, կտրված չի լինի ժողովրդից:
«Ընդհակառակը՝ արդարադատությունը կլինի նույնքան կամ այնքան արդար, որքան արդար է ժողովուրդը, իսկ ժողովուրդը արդար է ավելի, քան ցանկացած վարչապետ, ցանկացած նախարար, ցանկացած պատգամավոր, ցանկացած դատավոր, ցանկացած դատախազ, ցանկացած քննիչ և ցանկացած ոստիկան»,- մանրամասնել է վարչապետը:
Կարծիքներ