Ուժեղացված ծառայություն ԱԻՆ-ում՝ հնարավոր հրդեհները կանխարգելելու ուղղությամբ

Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հրավիրել է հրատապ խորհրդակցություն: Եղանակի կտրուկ տաքացմանը զուգահեռ՝ հրդեհների առաջացման վտանգն ավելանում է:
Գերատեսչության ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են այս պահին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել են իրականացվող աշխատանքները կանխարգելելու հրդեհների առաջացումը, և այն գործիքակազմը, որով հարկ եղած դեպքում կիրականացվի հրդեհաշիջում:
Ըստ զեկույցների՝ հանրապետության բոլոր ՀՓՋ-ները տեխնիկապես պատրաստ են և հագեցած իրականացնելու հրդեհաշիջման աշխատանքներ: Անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման աշխատանքներին կներգրավվեն նաև ուղղաթիռներ:
Էլեկտրոնային եղանակով հավաքվել և հասցեագրվել են հանրապետության տարածքում առկա ջրային ավազանները, որտեղից հնարավոր կլինի օգտվել: Անօդաչու թռչող սարքերով շարունակում է իրականացվել մշտադիտարկում և բնակչության իրազեկում:
Նախարար Փամբուխչյանը հանձնարարել է այս օրերին առավել սերտ համագործակցել շրջակա միջավայրի նախարարության, մարզպետարանների, համայնքների հետ՝ իրականացնելով ուժեղացված ծառայություն անտառտնտեսություններում, արգելոցների և այլ խոտածածկ ու բուսածածկ տարածքներում, հատուկ ուշադրության և կարևորության արժանացնել քաղաքացիների հետ տարվող իրազեկման աշխատանքները:
Կարծիքներ