Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանն առաջադրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանն առաջադրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանն առաջադրվել է Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այս մասին որոշում կընդունվի փետրվարի 8-ին սպասվող ավագանու նիստում:

Որոշման նախագծում նշվում է.

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին» N1-Ն որոշման հավելվածի 56-րդ կետով, 59-րդ կետի վերջին պարբերությամբ և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության առաջարկությունը՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրել Երևանի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանին։

2. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի ապրիլի 23-ի «Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N2-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 79-Ա որոշումը:

Հավելենք, որ հիշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Լևոն Հովհաննիսյանը 2021 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ  նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:

Լուսինե Գևորգյանն առայժմ այս հանձնաժողովի նախագահի տեղակալն է, բայց իր կողմից ներկայացված գրության համաձայն՝ դադարեցնում է վերոնշյալ պաշտոնում  իր լիազորությունները: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում