Հաղթել է ժողովուրդը և ես ձեզ շնորհավորում եմ, հարգելի' հայ ժողովուրդ․ Բաբայանը շնորհավորել է հաղթած քաղաքական ուժերին

Հաղթել է ժողովուրդը և ես ձեզ շնորհավորում եմ, հարգելի' հայ ժողովուրդ․ Բաբայանը շնորհավորել է հաղթած քաղաքական ուժերին

Սամվել Բաբայանի շնորհավորական ուղերձ է հղել հաղթած քաղաքական ուժերին և ետընտրական կոչ արել ժողովրդին։

Այն ներկայացնում ենք ստորեւ․

Հարգելի' հայրենակիցներ

Մի քանի օր առաջ ես ասել եմ, որ այս ընտրություններում հաղթողներ և պարտվողներ չեն լինելու, քանի որ ցանկացած դասավորումների դեպքում հաղթելու է ժողովուրդը, որովհետև ընտրությունը կատարում է ժողովուրդը:

Այսօր ես կրկնում եմ`տեղի  է ունեցել ժողովրդի ընտրություն, հաղթել է ժողովուրդը և ես ձեզ շնորհավորում եմ, հարգելի' հայ ժողովուրդ: Թո'ղ ձեր բոլոր սպասումները իրականանան:

Հատուկ երախտագիտությունս եմ հայտնում իմ ընտրողներին. 14.935 ընտրողներից յուրաքանչյուրին, ով իր ձայնը տվեց ինձ և մեր «Ազատական» կուսակցությանը, ով հավատաց և ընդունեց մեր միասնական Հայրենիքի զարգացման իմ ծրագիրը: Ես միշտ ձեզ հետ եմ և միշտ ծառայելու եմ իմ ժողովրդին: Ես հպարտ եմ իմ հանդեպ ունեցած ձեր վստահությամբ և ձեր այն անսասան համոզմամբ, որ միշտ ձեր առաջ եղել եմ և  լինելու եմ ազնիվ: Ես երբեք չեմ ստել, երբեք շահի համար իմ դիրքորոշումը չեմ փոխել, և այս նախընտրական շրջանում ես հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքներին:

Ես չեմ գնացել քաղաքական տրամադրությունների և սպասումների քմահաճույքի ետևից: Իմ ամեն մի խոսք, անկախ նրանից` ասվել է այն լրագրողների հետ զրույցում, թե ընտրողների հետ հանդիպման ժամանակ` ճշմարտություն է: Եվ միշտ այդպես կլինի:

Ես շնորհավորում եմ  Խորհրդարան անցած բոլոր երեք կուսակցություններին և քաղաքական ուժերին. կո'չ եմ անում  ձեզ մի կողմ թողնել ձեր անձնական շահերն ու հավակնությունները և սկսել աշխատել  իր ձայնը ձեզ վստահած  ժողովրդի  շահերից: Այսօր ձեր վրա, որպես օրենսդրական մարմին, ծանր բեռ է ընկած: Մեզ անհրաժեշտ է Սահմանադրություն, որը ճանապարհ կբացի դեպի ուժեղ զարգացած պետություն և դրանից բխող այնպիսի օրենսդրություն, որը կբացառի դրա երկակի մեկնաբանության բոլոր հնարավորություններն ու միջոցները, որպեսզի վերջապես պաշտպանվեն յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը` անկախ նրա կարգավիճակից ու հնարավորություններից: Միայն այդ դեպքում է արմատախիլ լինելու կոռուպցիան և նրա դեմ կեղծ պայքարը: Ձեր ամեն մի ծրագիրը պետք է լինի իրագործելի և ուղղվի ժողովրդի կյանքի բարելավմանը:

Ես հույս ունեմ, որ քաղաքական ուժերը իրենց մեջ ուժ կգտնեն, որ չտանեն ժողովրդին մասնատման, չավելացնեն ցնցումներն այս դժվար ժամանակներում, այլ կհամախմբեն մեր ժողովրդին` հանուն հզոր պետության:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում