«Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի ընթացքում մի խումբ մասնակիցներ, անտեսելով պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված պահանջները, բողոքի ակցիա իրականացնող այլ անձանցից առանձնանալու, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված՝ խախտել են հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք. նրանցից Երևանի 42-ամյա բնակիչ Ա.Խ.-ն, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն է գործադրել նշված վայրում քայլող՝ «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ, տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։
«Հիշյալ քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել՝ Ա. Խ-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ հանրորեն վտանգավոր վերոնշյալ արարքը կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ ևս համարժեք միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ