Գեղհովիտում ամբողջությամբ վերակառուցվում է խմելու ջրի մատակարարման համակարգը

Գեղհովիտում ամբողջությամբ վերակառուցվում է խմելու ջրի մատակարարման համակարգը

Գեղհովիտ համայնքում օգոստոսի 3-ից մեկնարկել և ընթանում են խմելու ջրի մատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր փուլ 3. Հայատան, ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից: 

 

Այն ֆինասավորվում է ՀՀ կառավարության, Գերմանական KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիության կողմից։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Եղվարդշին» ընկերությունը։ Ծրագրի իրականացման ավարտի համար պայմանագրով սահմանված է 24 ամիս ժամկետ։

 

Ծրագրով նախատեսվում է 50 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին և ներքին ցանցերի վերակառուցում, օրվա կարգավորիչ 4 ջրամբարների կառուցում, Գեղհովիտ և Լեռնահովիտ համայնքների բոլոր 1300 տնտեսություններում տնային միացումներ։

 

«Գեղհովիտ համայնքի խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերը, որոնք կառուցված են տասնամյակների վաղեմությամբ՝ երկաթյա խողովակներով, քայքայվել ու կորցրել են շահագործման պիտանիությունը։ Բավական է ասել, որ համակարգում ջրի կորուստները կազմում են մոտ 80 տոկոս, բացի այդ՝ մատակարարվող ջուրը չի համապատասխանում սանիտարական նորմերին։

 

Ամբողջությամբ, 50 կլիոմետր երկարությամբ երկաթյա խողովակաշարը փոխարինվում է տարբեր տրամաչափի մետաղապլաստե խողովակներով։ Արվելու է հնարավորը, որպեսզի աշխատանքներն ավարտենք սահմանված ժամկետներում կամ ավելի վաղ»,- ներկայացրեց «Եղվարդշին» ընկերության Գեղհովիտի շինարարական տեղամասի պետ Փայլակ Հարոյանը։

 

Ծրագրի իրականացման արդյունքում Գեղհովիտ համայնքից շինարարական տարբեր աշխատանքներում ընդգրկվել են մոտ 30 հոգի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում