Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 175 դեպք, 9 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 175 դեպք, 9 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով հոկտեմբերի 24-ի ժամը 15.00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 175 դեպք, որոնցից 52-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 123-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։

Հարուցված վարչական վարույթների արդյունքում 46-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 36-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 4-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաեւ 700 հազար դրամի չափով։ 9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաեւ 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների եւ հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված՝ քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետեւանքով պատճառված կորուստների եւ վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների եւ դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում եւ սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

Արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի եւ պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը: Արգելվում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ եւ ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:

Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։ Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 300 հազարից 700 հազար դրամի չափով։ Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։

ՀՀ ոստիկանություն

Հետևեք մեզ նաև Տելեգրամում