ԱՄՆ օրենսդիրները կոչ են անում Թուրքիային պատասխանատվություն ենթարկել կրոնական ազատության բազմաթիվ խախտումների համար

ԱՄՆ օրենսդիրները կոչ են անում Թուրքիային պատասխանատվություն ենթարկել կրոնական ազատության բազմաթիվ խախտումների համար

ԱՄՆ մի խումբ օրենսդիրներ կոչ են արել ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին (USCIRF) աշխատել գլոբալ գործընկերների հետ կայուն եւ համակարգված ջանքերով` կրոնական ազատության եւ մարդու իրավունքների պարբերական խախտումների համար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու հարցում:

«Չնայած միջազգային դատապարտմանը` Թուրքիա պետությունը շարունակում է դավանանքի ազատության քրոնիկ, զարհուրելի եւ համակարգված խախտումները,- հայտարարել են Կոնգրեսի անդամները:- Բացի այդ, թուրքական պետությունը շարունակում է մերժել Տիեզերական պատրիարքարանի իրավական կարգավիճակն ու ինքնությունը»:

Նամակում անդրադարձ է եղել նաեւ հին բյուզանդական Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի վերածմանը եւ նշվել է, որ «Թուրքիայի կողմից 2020-ի հուլիսին Սբ. Սոֆիա տաճարը մզկիթի վերածումը Թուրքիայի պարտավորությունների խախտում է` միջազգային իրավունքի համաձայն եւ, մասնավորապես, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի ստորագրող երկրի»:

Մարտին ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 170 անդամ նամակով հանդես եկան` կոչ անելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին պատասխանատվության ենթարկել Թուրքիային «մարդու իրավունքների կոպիտ խախտման» եւ «ժողովրդավարությունից շեղվելու» համար:

Տիեզերական պատրիարքարանի, հույն ուղղափառ քրիստոնյաների եւ այլ կրոնական փոքրամասնությունների կրոնական ազատությունների ոտնահարման համար Թուրքիային պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծն ԱՄՆ Կոնգրես էր ներկայացվել մայիսի սկզբին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում